ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ըստ ՀՀ արտգործնախարարության՝ կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ եւ մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահ երկրների միջնորդական դերը: