Սպորտում չկան սահմանափակումներ. սա եւս մեկ անգամ ապացուցվեց ապրիլի 10-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կայացած հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությամբ: Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։
Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով եւ առանց դրա: Անվասայլակով մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արման Սարգսյանը, երկրորդը Էրիկ Սարգսյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սողոմոն Ներսիսյանը։
Տղամարդկանց՝ առանց անվասայլակի մրցումներում չեմպիոն է դարձել Գեւորգ Բեգլարյանը, երկրորդը Տիգրան Պետրոսյանն է, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Վարդան Միրզոյանը։ Աղջիկների պայքարում առաջին մրցանակակիրը Էլեն Սարգսյանն է, երկրորդը՝ Մելինե Ղազարյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Լուսինե Կարապետյանը։
Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն ասում է՝ այս առաջնությունը հերթական առիթն էր ապացուցելու, որ հաշմանդամությամբ կյանքը չի ավարտվում, եւ կան այն ավելի հետաքրքիր եւ ակտիվ դարձնելու բազմաթիվ հնարավորություններ:
«Երբ ես զրկվեցի ձեռքերից, ուզում էի զբաղվել որեւէ մարզաձեւով: Շատերը կարծում են, որ այդ դեպքում պետք է անել մի բան, ինչի համար ձեռքերն անհրաժեշտ չեն, սակայն ես արեցի հակառակը»,- հիշում է Կամո Դավթյանը: Նա մեծ հույս ունի, որ այս մարզաձեւով կհետաքրքրվեն նաեւ զինհաշմանդամները:
Նախագահն ասում է, որ մարզաձեւի զարգացման համար պայմաններ են հարկավոր. մարզիչները չեն վարձատրվում, մարզադահլիճներ չեն հատկացվում, ամեն անգամ տարբեր վայրերում են անցկացնում պարապմունքները: Միջազգային մրցույթներում հաջողություն գրանցելու համար նախ հարկավոր է մարզաձեւը զարգացնել հենց երկրի ներսում:
Թե որքան կարեւոր է սպորտը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում, պատմեցին առաջնության մրցանակակիրները: Աղջիկների պայքարում երրորդ տեղը զբաղեցրած Լուսինե Կարապետյանն այս մարզաձեւով սկսել է զբաղվել ընկերների խորհրդով 5 տարի առաջ:
«Հիշում եմ, երբ պարապմունքներն անցնում էին Ավանի մարզադահլիճներից մեկում, մեզնից ոչ հեռու մարզվում էին նաեւ դեռահասները: Սկզբում նրանց համար տարօրինակ էր տեսնել հաշմանդամություն ունեցող մարզիկների, սակայն հիմա նոր սերունդը հաշմանդամային սպորտն ընդունում է որպես սովորական երեւույթ»,- ասում է Լուսինեն:
Իսկ Էլեն Սարգսյանը, որ առաջին հորիզոնականն է զբաղեցրել, շատ ուրախ է, որ ժամանակին ընտրեց հենց այս մարզաձեւը: Նա խորհուրդ է տալիս հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվել որեւէ մարզաձեւով, չկենտրոնանալ միայն հաղթելու վրա, այլ պարզապես հաճույք ստանալ խաղից:
Տղամարդկանց՝ առանց անվասայլակի մրցումների չեմպիոն Գեւորգ Բեգլարյանը սեղանի թենիսով սկսել է զբաղվել 2008 թվականից։ Հաշմանդամություն ձեռք է բերել հետագայում ու չի հրաժարվել սիրելի մարզաձեւից: Ֆեդերացիայում նրան անվանում են չեմպիոն, որովհետեւ ընդամենը մեկ պարտություն ունի ու 40-ից ավելի հաղթանակ:
Բեգլարյանը կամավոր աշխատում է Խարբերդի մասնագիտացված մանկատանը, որտեղ ձգտում է հաշմանդամություն ունեցող երեխաների մեջ սեր արթնացնելու սպորտի հանդեպ:
«Հաշմանդամը, եթե զբաղվում է սպորտով, այլեւս հաշմանդամ չէ»,- ասում է Գեւորգը, որ նույնպես լիահույս է, որ զինհաշմանդամներին կհետաքրքրի այս մարզաձեւը:
Մարզիկներին եկել էին ոգեւորելու հարազատներն ու ընկերները: Անվասայլակով մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրած Արման Սարգսյանի երկու փոքր դուստրերը ոգեւորությամբ ու նվիրվածությամբ օգնում էին հայրիկին ընկած գնդակը բարձրացնելու ու մայրիկի հետ ոգեշնչում նրան:
Առաջնությանը ներկա էր նաեւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: Ելույթում նա նշեց, որ շատ կարեւորում է պարալիմպիկ այս մարզաձեւի զարգացումը մեր երկրում, եւ հույս հայտնեց, որ «Փարիզ 2024» Պարալիմպիկ խաղերում սեղանի թենիս մարզաձեւից եւս մարզիկ կունենանք: Աբրահամյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին եւ հաղթողներին՝ մաղթելով ուժ ու կորով՝ նորանոր հաղթանակներ կերտելու համար: