ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) որոշում է ընդունել ժամանակավորապես արգելել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի եւ շոկոլադային արտադրանքի ներմուծումը Հայաստան:
ՍԱՏՄ փորձագետներն այդ որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման հետեւանքով սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի եւ շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
Նշված ապրանքանիշը Ռուսաստանից ներկրող «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում եւ Գերմանիայից ներկրող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակում ընկերություններում ստացված խմբաքանակներից նմուշառում կկատարվի եւ կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Տրվել է նաեւ Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի եւ շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:
ՍԱՏՄ-ից խոստացել են լաբորատոր փորձարկումների արդյունքները հրապարակել։