Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը «Մենք» ակումբի շրջանակում առաջարկում է քննարկման առարկա դարձնել «Նոր Հայաստան»-ի սաղմնավորման եւ ձեւավորման անհրաժեշտությունը։ Առաջարկի հիմքում պարտված եւ ջախջախված պետությանը նոր բովանդակություն եւ շունչ հաղորդելն է։
Բնականաբար Ղարաբաղյան երկրորդ պատերազմը խոշոր ռազմաքաղաքական աղետ էր, որի ծանրագույն հետեւանքները ցնցեցին պետության ողնաշարը։ Ավելին՝ խաղասեղանին դրված է Հայաստանի գոյության հարցը։ Եվ խոսքն ամենեւին էլ ֆիզիկական լինելության մասին չէ, այլ բովանդակային։ Այսինքն՝ ի՞նչ դեմքով ու խառնվածքով, ի՞նչ սահմաններով եւ կարգավիճակով։ Ո՞րն է լինելու դրա առաքելությունը կամ էլ միջազգային հարաբերություններում դրսեւորվելու կերպը եւ այսպես շարունակ։
Հարցադրումներն այս առկա են նաեւ Մարինեի տեքստերում, իսկ հնարավոր պատասխաններն էլ առկախվում են «Նոր Հայաստան» գաղափարից։
Շատերի համար եզրույթն այս անընդունելի է, քանի որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ հենց այդ լոզունգով։ Նա խոստանում էր արմատախիլ անել «Հին Հայաստան»-ի արատավոր էությունն ու ստեղծել «Նոր հայաստան», որտեղ տիրապետող կլինեն ազատությունն ու հավասարությունը։ Այսինքն` մարդիկ սկզբունքորեն դեմ չեն Մարինեի առաջարկին, պարզապես խորշում են փաշինյանական հռետորաբանությունից։
Դեռեւս 2019 թվականին 1in.am-ում մի հոդված եմ գրել, որտեղ առաջարկել եմ հրաժարվել Հայաստանը հնի եւ նորի տարանջատելու փաշինյանական մոտեցումից, քանի որ դրա տրամաբանական վերջնարդյունքը մշակութային խզումն է։
Ասվածի ապացույցը համաշխարհային պատմության փորձն է։ Դեռեւս անտիկ ժամանակաշրջանից եւ միջնադարից մինչեւ ֆրանսիական եւ ռուսական հեղափոխություններ անցյալի նկատմամբ ոտնձգությունն արդեն իսկ բազմիցս կիրառված փորձառություն է։ Ես չեմ պնդում, թե Փաշինյանն ու Մարինեն ցանկացել կամ էլ ցանկանում են միտումնավոր կերպով բռնություն գործադրել Հայաստանի անցյալների նկատմամբ։ Բնականաբար նրանց շարժառիթները բարի են, պարզապես ընտրված մեթոդը կամայական անհատի կամքից անկախ սահմանում է խաղի իր կանոններն ու տրամաբանությունը՝ աքցանների մեջ վերցնելով նաեւ հենց նույն այդ անհատին։
Իրականում գործ ունենք շատ պարզ մեխանիզմի հետ․ «Նոր Հայաստան» գաղափարի առաջմղումն անխուսափելիորեն ստեղծում է «Հին Հայաստան»-ի գաղափարը, եւ այս երկուսը չեն կարող հենց այնպես կողք կողքի կամ էլ հաջորդաբար գոյություն ունենալ։ Անպայման ի հայտ է գալիս անհաշտ հակադրությունը, մեկը մյուսին կլանելու եւ հաղթելու ձգտումը։ Հաղթանակ, որի վերջնարդյունքը, որպես կանոն, հնին հերձվածողի կարգավիճակ շնորհելն է։
Այսինքն՝ ռետինով ջնջել եւ լուսանցքից այն կողմ թողնել հանրության պատմական զարգացման ընթացքի էական բաղադրիչներից մեկը՝ հռչակելով դա որպես «խավար միջնադար»։ 2018-ի հեղափոխությունը հանրությանը հաշտեցման տանելու փոխարեն առաջնային դարձրեց մերժման հարացույցը։ Հայաստանի նախորդ 25 տարիները դիտարկվեցին որպես բացարձակ չարիքի ժամանակաշրջան։ Նույնիսկ հասան այն ծայրահեղությանը, որ տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը 30 տարի չի շնչել։ 1991-ին ընդամենը անկախացել է, 2018-ին էլ հեղափոխություն արել, իսկ այս երկու տարեթվերի միջեւ ոչինչ չի եղել, դատարկ տարածություն է, որը կարող է լցվել միայն Փաշինյանի անձով եւ հեղափոխական լոզունգներով։
Այսինքն` նախկինների մերժումը անխուսափելիորեն հանգեցրեց Հայաստանի շարունակականության մերժմանը։ Բայց ժխտել անցյալը դեռեւս չի նշանակում մոռանալ, քանի որ ժանրի կանոններով այն պետք է չարիքի արտադրման գործիք դառնա նաեւ ապագայում։ Ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած, բայց ավտորիտարիզմի ճանկն ընկած Փաշինյանը հետեւում է իստորիցիզմի աղանդի տրամաբանությանը՝ խաղարկելով իրադարձությունների կանխորոշվածության կեղծ սկզբունքը։
Ըստ այդ մեթոդի` մարդիկ ի զորու չեն ներազդելու ընթացքի վրա, քանի որ կան անհաղթահարելի պատմական օրինաչափություններ եւ պատճառահետեւանքային շղթաներ։ Այսինքն` Փաշինյանի իստորիցիզմն ինչպես իրեն, այնպես էլ հանրությանը զրկում է պատասխանատվությունից եւ որոշում կայացնելու հնարավորությունից, քանի որ ամեն ինչ նախապես կանխորոշված է դեռեւս նախորդ նախագահների օրոք։
Ահա սա է Նիկոլ Փաշինյանի եւ 2018-ի հեղափոխության մոտեցումը Հայաստանի անցյալին, իսկ դրա հիմքում հնի եւ նորի հարացույցն է։ Այս դեպքում պատմականությունն աշխատում է, քանի որ ցանկացած իրավիճակում եւ ժամանակաշրջանում նման մշակութային անջրպետների կառուցումն անպայման պետք է հանգեցնի խզման եւ ձեւախեղման։
Ասվածից հետեւում է, որ այլ արդյունք չպետք է ակնկալել նաեւ Մարինեի «Նոր Հայաստան»-ի գաղափարից։ Ավելին՝ նրա պատկերացրածը կդառնա Փաշինյանի իրականացրածի շարունակությունը։ 25 տարիների մերժմանը կավելանա Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանի հերքումը։ Կամ էլ Քոչարյանի եւ Սարգսյանի շրջանները ռեաբիլիտացիայի կենթարկվեն, ու այս անգամ ռետինով կջնջվի 2018-ից հետո եկող «հեղափոխական» իրականությունը։
Գործընթացն այս անվերջ կարող է շարունակվել, ամեն մի ռեժիմ իր հետ կբերի իր նոր միֆերը, որոնք կփոխարինեն հին միֆերին։
Շատերին իրավիճակն այս կարող է բնականոն կամ էլ նույնիսկ անկարեւոր թվալ, բայց իրականում օդում սավառնող գաղափարները կայծակնային կերպով գործողության փոխակերպվելու հատկություն ունեն։ Ասվածի վկայությունը Հայաստանի այսօրվա աղետալի իրադրությունն է, որի հիմքում ի թիվս այլ պատճառների նաեւ պետության շարունակականության հերքումն է. Քոչարյանական ռեժիմը 90-ականների մեծագույն հաջողությունները ներկայացրեց որպես «մութ ու ցուրտ» տարիներ, իսկ Փաշինյանը 25 տարիները հռչակեց «խավար միջնադար»։
Իսկ հիմա ռազմաքաղաքական խոշոր պարտությունը վերարժեւորելու փոխարեն ասպարեզ է նետվում «Նոր Հայաստան»-ի մի նոր պատրանք, որի հակապատկերը միգուցե դառնա «Կապիտուլացված Հայաստանը»։ Խնդիրը ձեւակերպումների մեջ չէ, այլ դրանց անջատ գոյության։ Այսինքն` դրանք կան իրարից անկախ, անդամահատված, առանց ժառանգականության եւ նույնանում են միայն Նիկոլ Փաշինյանի անմեղությունն ընդգծելիս։
Գրվածքի տրամաբանությունից հետեւում է, որ մենք այլեւս «Նոր Հայաստան»-ի կարիքը չունենք։ Քանի որ այդ նորն արդեն իսկ ստեղծվել է 1991-ին։ Երրորդ հանրապետությունը բովանդակային եւ ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանի բոլոր անցյալների համաձուլվածքն է 21-րդ դարում։ Այն Սովետական Հայաստանի ժառանգորդն է, Առաջին հանրապետության մարմնացումը, Տաճկահայաստանի հիշողությունը, Քրիստոնյա Արեւելքի փշրանքը եւ, որպես վերջնական արդյունք, հաշտեցումը բոլոր այս տարրերի։
Ի վերջո հենց այս համատեքստում է դրսեւորվում ՀՀՇ-ի լուսավորական առաքելությունը պատմության մեջ։ Այն, յուրացնելով հայկականության բազմաշերտ, տարասեռ հումքը, չվերարտադրեց հինը, ընդհակառակը՝ նոր կառույց հիմնեց՝ միաժամանակ երկրորդ կյանք տալով այդ նույն հնին։ Մշակութային եւ քաղաքակրթական այս գործընթացն անկրկնելի է այնքան ժամանակ, քանի դեռ Երրորդ հանրապետությունն անձնասպան չի եղել։ Հետեւում է՝ նորը ստեղծելու վերամբարձ եւ բարձրագոչ պնդումների փոխարեն պետք է առաջնային դառնա արդեն իսկ եղածը պահելու, արդիականացնելու եւ այլացնելու աստիճանական գործընթացը։
Վերջաբանի փոխարեն անհրաժեշտ է արձանագրել, որ ներկայումս մեր ամենակենսական անհրաժեշտությունը Հայաստանի բոլոր անցյալների հաշտեցումն ու կամրջումն է։ Այսինքն` մարդկային ընկալումներում Հայաստանի պատմական ընթացքը պետք է դիտարկվի որպես մեկ ամբողջություն, առանց անդամահատման եւ հերքման։
ՀՀՇ-ական, Քոչարյանական, ՀՀԿ-ական եւ Փաշինյանական անցյալները 1991-ին ստեղծված Հայաստանի անբաժան բաղադրիչներն են, մեկի բացակայությամբ մյուսի գոյությունը դառնում է անհնար եւ անիմաստ։ Այս պարագայում պատմականության սկզբունքը աշխատում է, բայց միայն օրգանական եւ մշակութային կապի ապահովման, այս կամ այն իրադարձության վերարժեւորման տեսանկյունից, այլ ոչ թե արդիության մեղքերը անցյալի անորոշության վրա բարդելու նպատակով։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։