Կայքերից մեկը գայթակղությանը չդիմացավ (կամ հենց կանխամտածված էլ բացահայտեց) եւ պարզ-շիտակ գրեց, որ Երեւանում եւ այլ քաղաքներում Արցախի դրոշ բարձրացնելով՝ ընդդիմությունը Փաշինյանին ծուղակ է մղում։
Հասկանալի՞ է։
Ընդդիմությունը կարծում է, որ բանակցությունների ժամանակ Ալիեւը նաեւ այդ հարցն է բարձրացնելու, Փաշինյանը հայտնվելու է երկու կրակի արանքում։ Թե չէ ինչո՞ւ են Արայիկ Հարությունյանին էլ հորդորում, որ պատրաստ լինի պաշտպանելու իր երկրի դրոշի պատիվն, ու սպառնում, որ հակառակ դեպքում նա կդիտվի Փաշինյանի գործընկեր։
Ահա այսպիսի խարդախամտորեն մտածված օպերացիա, որի անունը դրել են «ազգային ոգու զարթոնք»։
Փաստորեն Ալիեւին գործ տալը բա՜րձր հայրենասիրություն է, որովհետեւ Փաշինյանին «ծուղակ մղելու» բացատրությունը մեկն է․ սպասվող հայ-ադրբեջանական բանակցություններում Իլհամ Ալիեւը (նրա ներկայացուցիչը) Փաշինյանից (հայկական կողմի բանագնացից) պահանջում է վերջ տալ Արցախի դրոշապաշտությանը՝ դա համարելով «միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, նրա տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն»։
Ըստ կանխավ ծրագրվածի՝ Հայաստանը «կապիտուլյացիայի է ենթարկվում», Փաշինյանը «հանձնարարում է իջեցնել Արցախի դրոշները», ինչի դեմ պետք է կտրուկ բողոք արտահայտի Արցախի նախագահը (հակառակ դեպքում նա կհամարվի Փաշինյանի գործընկեր), բարձրանում է համաժողովրդական զայրույթի ալիք, որի վրա էլ իշխանության են գալիս «ազգային-հայրենասիրական ուժերը»։
Գրեթե զուգահեռաբար Արցախի երրորդ նախագահի խորհրդական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային եւ բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի», եւ ավելացնում, որ «որպես Արցախը որոշակի խորությամբ պատկերացնող մարդ, չեմ կարող չտեսնել, որ Արցախում կա լուրջ ռեսուրս, որի համախմբումն ու ճիշտ ուղղորդումն Արցախի անվտանգային միջավայրի բարելավման եւ բնականոն կյանքի ապահովման համար պոկում կապահովի»։
Գրառումը հաջորդել է Արցախի կառավարության նիստում Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ առաջիկայում քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններ կսկսվեն, բայց դա չի ենթադրում «կոալիցիոն կառավարության ձեւավորում»։
Տիգրան Աբրահամյանը փաստացի առաջարկում է ձեւավորել ներարցախյան կոնսենսուս՝ «թե ո՞ւր ենք շարժվում, ո՞ր ճանապարհով եւ ի՞նչ միջոցներով/ռեսուրսներով»։ Փաստ է, որ արցախյան քաղաքական եւ հանրային ռեսուրսի մի զգալի մասը Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմության կրեատուրան է։ Այստեղից էլ ծագում է հիմնական հարցը՝ ո՞վ եւ ի՞նչ օրակարգ է առաջարկելու։ Արցախի գործող իշխանությունը պետք է ընդունի Հայաստանի ընդդիմության կրեատուրայի պատկերացո՞ւմը, թե՞ վերջինս պատրաստ է հնարավորություններն ի սպաս դնելու՝ չհետապնդելով Հայաստանում իշխանափոխության հասնելու շահ։
Պարզ ասած՝ արցախյան համախմբում հանուն Արցախի՞, թե՞ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։ Ո՞րն է առհասարակ Արցախի հարցում ինստիտուցիոնալ ընդդիմության հայեցակարգը։ Երեւանում կամ Չարենցավանում Արցախի դրոշ բարձրացնելու, այն «կրծքով պաշտպանելու» ակցիաների քաղաքական ենթատեքստը հասկացանք։ Մի պահ պատկերացնենք, որ սցենարը հաջողվում է, «դրոշապաշտպանությունը» վերածվում է հակափաշինյանական հուժկու շարժման, որի ավանգարդ է դառնում Արցախը։
Նաեւ ենթադրենք, որ այդ տուրբուլենտության օրերին թշնամին ոչինչ չի ձեռնարկում, Արցախում ռուս խաղաղապահ զորախումբն ապահովում է անվտանգությունը, հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ չեն իրականացվում, բոլորը շունչները պահած սպասում են, թե հայերն ինչպես են ավարտին հասցնում հերթական «հեղափոխությունը»։ Դրան ի՞նչ է հաջորդելու։ Այս հարցի պատասխանը պետք է հնչի այստեղ եւ այժմ։ «Կգանք իշխանության՝ կասենք» տարբերակը չի աշխատելու։
Հասարակությունը, հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում պետք է ստույգ իմանա, թե «դրոշի հեղափոխությունից» ինչ է շահելու։ Հենց նույն՝ Արցախի հարցում։
Հիպոթետիկ ասել, թե «կապիտուլյանտ իշխանությանը հեռացնելուց հետո թռիչք ենք ապահովելու», ոչինչ չի նշանակում։ Ադրբեջանը կամ Թուրքիան փոխելո՞ւ են մոտեցումները։ Ռուսաստանը փոխելո՞ւ է, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Արցախի անկախությունը ճանաչելո՞ւ են։ Աշխարհաքաղաքական ի՞նչ հաշվարկով է «դրոշի հեղափոխություն» ծրագրվում, կամ ի՞նչ է նշանակում հասնել ներարցախյան կոնսենսուսի։ Արցախի ներքին ռեսուրսները բավարա՞ր են, որ գոնե արդյունավետորեն դիմագրավի մարտահրավերներին։
«Երեսուն տարի առաջ համախմբվեցինք եւ հաղթեցինք» նարատիվը ոչ միայն պատմականորեն արդարացված չէ, այլեւ չափազանց վտանգավոր է։ Երեսուն տարի առաջ Հայաստանն ուներ պատասխանատու եւ դարաշրջանի աշխարհաքաղաքական իրողություններին լիովին համարժեք իշխանություն, այլ էր ուժերի հարաբերակցությունը։ Այսօր՝ այս փուլում եւս մեկ, թեկուզ լոկալ պատերազմը Հայաստանի համար միայն ավելի աղետալի հետեւանքներ կունենա։
Եվ եթե սթափվել ու համախմբվել է պետք, ապա միայն մի գերխնդրի շուրջ՝ քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով հասնել Հայաստանի անվտանգային միջավայրի բարելավմանը, հայաբնակ եւ հայկական պահել Արցախը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։