Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահ։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու համար:
«Ֆրանսիան շարունակում է աջակցել սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Այդ նպատակով փետրվարի 4-ին հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այս օրերին աշխատանքային այցով Երեւանում է»,- ասված է հայտարարության մեջ։