Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հանձնարարականներն ամբողջովին կկատարվեն։
Պուտինը հիշեցրել է, որ հատուկ գործողության վերաբերյալ առաջին հրապարակային ելույթում ինքը նշել է գործողության նպատակները՝ օգնել մարդկանց Դոնբասում: Ըստ նրա՝ հատուկ գործողությունն իրականացնելով՝ ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկում նաեւ սեփական անվտանգությունն ապահովելու համար։
«Ակնհայտ է, որ մենք այլ ընտրություն չենք ունեցել, դա ճիշտ որոշում է։ Մեր նպատակները միանգամայն հասկանալի են եւ ազնիվ: Կասկած չկա, որ մենք կհասնենք դրանց»,- ասել է ՌԴ նախագահը եւ հավելել, որ Մոսկվան մտադիր չէ աշխարհից մեկուսանալու:
«Ժամանակակից աշխարհում առհասարակ անհնար է որեւէ մեկին խիստ մեկուսացնել, իսկ Ռուսաստանի նման հսկայական երկիրն՝ առավել եւս: Ուստի մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, որոնք ցանկանում են համագործակցել»,- ասել է Պուտինը: