Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ամենօրյա հաշվետվության համաձայն՝ Ուկրաինայում ռազմական գործողություններն առաջիկա 2-3 շաբաթում կսաստկանան, քանի որ Ռուսաստանն այդ ուղղությամբ շարունակում է ուժերի վերադասավորությունը:
«Ռուսական հարձակումներն առաջվա պես կենտրոնացած են Դոնեցկի եւ Լուգանսկի ուղղությամբ, Խերսոնում եւ Նիկոլաեւում մարտերը շարունակվում են, Կրամատորսկի ուղղությամբ էլ գրոհը վերսկսվել է»,- ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության զեկույցում:
Զեկույցում նշվել է նաեւ, որ ռուսական զորքերը շարունակում են թափանցել Բելառուսի տարածքից՝ Ուկրաինայի արեւելքում գործող ՌԴ ԶՈՒ ուժերին աջակցելու եւ վերատեղաբաշխվելու համար:
Ապրիլի 12-ին ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով թեւակոխելու է երկրորդ՝ ավելի մասշտաբային փուլ:
«Ակնհայտ է, որ այս փուլը լինելու է շատ ավելի արյունալի, բարդ, առաջին փուլից տարբերվող, լայնամասշտաբ ինչպես արեւելքում՝ Դոնբասում, այնպես էլ հարավում՝ դեպի Ղրիմ եւ Մարիուպոլ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։ Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը երկար չի տեւի։ Այնուհանդերձ, ըստ Ջոանեի՝ հավանականությունը, որ պատերազմն արագ կավարտվի, այնքան էլ մեծ չէ: