ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին երկկողմ ձեւաչափով՝ նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեւական եւ համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:
Դեսպանատունն այդ հայտարարությունն արել է՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:
ՌԴ արտգործնախարարն ապրիլի 8-ին հայտարարել էր, թե ֆրանսիացի եւ ամերիկացի իրենց գործընկերները չեղարկել են նաեւ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, թե ՌԴ-ի հետ չեն շփվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով։ Լավրովը հայտարարել էր նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ են զոհաբերելու ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ինչպես նաեւ հայկական կողմի շահերը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն, ըստ «Արմենպրես»-ի, ողջունել է Բրյուսելում ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ հանդիպումը, այդ թվում՝ խաղաղության բանակցությունների նախապատրաստման եւ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ձեւավորման դրական քայլը: Դեսպանատունը հավելել էր, որ շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում:
«Մենք խրախուսում ենք խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվելու երկկողմ ձեւաչափով եւ նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տեւական եւ համապարփակ խաղաղության հասնելու հարցում»,- փոխանցել են ամերիկյան դեսպանությունից: