Նյու Յորքում աճուրդի է դրվել Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու՝ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի՝ «Ապոլոն-11» առաքելության ժամանակ հավաքած լուսնի փոշին։ Լուսնային փոշին ակնկալվում է վաճառել 800 հազարից մինչեւ 1 միլիոն 200 հազար դոլարի սահմաններում։
Տիեզերագնացության պատմության մասնագետ Ադամ Սթաքհաուզն ասել է, որ լուսնային նմուշները, որպես կանոն, ԱՄՆ կառավարության սեփականությունն են։ «Լուսնի փոշին վաճառվել է պետական օտարման միջոցով եւ ընկել մասնավորի ձեռքը: Սա շատ արտասովոր է, ես ուրիշ նման դեպք չեմ տեսել»,- ասել է նա։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ աճուրդի է դրվել նաեւ Լուսնի 1969 թվականի՝ 15 տիեզերագնացների ստորագրություններով քարտեզը, ինչպես նաեւ «Սպուտիկ-1» տիեզերանավին ուղեծիր դուրս բերած հրթիռի բեկորներ։