ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնել այն փաստի առիթով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
«Նշված գործողությունը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետեւեն դրա տառին եւ ոգուն, ինչպես նաեւ իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի աշխատանքը բոյկոտած ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, որոնք մտադրություն են հայտնել մեկնելու Արցախ եւ մարզեր, թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Միջադեպի մասին պատմել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ երբ հասել են Աղավնո գյուղի` ռուս խաղաղապահների հենակետի մոտ, վերջիններս հայտարարել են, թե իրենց մուտքը Արցախի Հանրապետություն արգելված է: Պատգամավորը հավելել է, որ խաղաղապահներն այդ արգելքի վերաբերյալ որեւէ բացատրություն չունեին:
Աղավնոյի անցակետում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են իրենց արցախցի գործընկերների հետ եւ ավելի քան մեկ ժամ քննարկում ունեցել իրենց հուզող հարցերի շուրջ: