Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է վերջ տալ Հայաստանը զինելուն: Ըստ Ալիեւի՝ Հայաստանը զենք գնելու միջոցներ չունի եւ երբեք էլ չի ունեցել: Նա ասել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում Ադրբեջանը ոչնչացրել է 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա:
«Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող: Եթե Հայաստանին նորից տրամադրվեն սպառազինվելու միջոցներ, դա կհամարենք ոչ բարեկամական քայլ եւ համապատասխանաբար կգործենք»,- սպառնացել է Ալիեւը: Նա նշել է, որ եթե ժամանակին Երեւանին զենք գնելու այդքան վարկեր չհատկացնեին, բանը պատերազմին չէր հասնի:
«Az TV» հեռուստաալիքի եթերում Ալիեւը պնդել է, որ Ադրբեջանը՝ որպես սեփական միջոցների հաշվին ապրող պետություն, բանակաշինությանը կտրամադրի այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ կհամարի:
2022-ի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովի իր ելույթում Ադրբեջանի նախագահը միաժամանակ հույս է հայտնել, որ սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի հարցերով աշխատանքային խմբերի ձեւավորումը կավարտվի մինչեւ ապրիլի վերջը, եւ դրանք կսկսեն գործել: