Ըստ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 12-ին «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել, թե ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով։
Մինչդեռ իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով: Արցախի ԱԱԾ-ն հայտարարում է, որ Ասկերանի բնակչին վիրավորելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարն էլ վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը Արցախի քաղաքացի չէ։
Արցախի ԱԱԾ-ն հորդորել է զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց եւ հետեւել միայն պաշտոնական հաղորդագրություններին։