Թուրքիայի Գերագույն դատարանը հրապարակել է Թուրքիայում գործող քաղաքական կուսակցությունների եւ նրանց անդամների թիվը։ 121 կուսակցությունների ցուցակում որոշ տեղեր դատարկ են թողած. ցանկում չեն ներառվել անվանման մեջ «Քրդստան» բառով կուսակցությունները:
Թուրքիայում գործող Քրդստանի սոցիալիստական կուսակցություն (PSK), Քրդստանի կոմունիստական կուսակցություն (KKP), Քրդստանի ազատության շարժում կուսակցություն (PAK) եւ Քրդստանի ժողովրդավարական կուսակցություն- Թուրքիա (PDK- T) քաղաքական կուսակցություններից ոչ մեկը դեռեւս որեւէ հայտարարություն չի արել:
Թուրքիայում բազմաթիվ կուսակցություններ են լուծարվել «Քրդստան» բառի պատճառով: 1963-ից ի վեր Թուրքիայի Սահմանադրական դատարանը լուծարել է 28 քաղաքական կուսակցությունների, որոնցից 7-ը` քրդական: Լուծարման հիմք են համարվել կրոնական նկատառումները, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքային մասնատմանն ուղղված քայլերը: