Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան ու Եվրամիությունն ընդլայնելու են բելառուսցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ցանկը՝ մեղավորներին պատասխանատվության կանչելով երկրում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար:
Նա հերթական անգամ ընդգծել է, որ թե՛ Գերմանիան, թե՛ Եվրամիությունն առաջվա պես չեն ճանաչում նախորդ տարվա օգոստոսին Բելառուսում անկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք «եղել են ո՛չ ժողովրդավարական, ո՛չ ազատ, ո՛չ արդար եւ ո՛չ թափանցիկ»:
Մերկելը համերաշխություն է հայտնել բողոքի ցույցերի մասնակիցներին, որոնք «խաղաղ կերպով եւ հիանալի տոկունությամբ հակազդում են կեղծված ընտրություններին՝ հանուն քաղաքական փոփոխությունների եւ իրենց երկրում արմատական բարեփոխումների»:
«Երկրի քաղաքական ղեկավարությունը, Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, խաղաղ ցույցերին միայն մի պատասխան ունի՝ բռնություն: Իշխանությունների հաշվարկն արված է այն հույսով, որ աշխարհը դարձյալ կմոռանա այդ խիզախ մարդկանց մասին: Մենք դա ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք», — ընդգծել է կանցլերը:
Իսկ դա թույլ չտալու ամենաազդեցիկ քայլը փողով աջակցելն է. Գերմանիան նախատեսում է շուրջ 21 մլն եվրո տրամադրել Բելառուսի ընդդիմությանը։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան եւ Եվրամիությունն ընդդիմության կողմից են, եւ «Բելառուսի քաղաքացիական հասարակություն» խորագրով գործողությունների ծրագիր են մշակել:
Ծրագրով նախատեսվում է ֆինանսապես աջակցել Բելառուսի անկախ լրատվամիջոցներին, բացի դրանից կրթաթոշակ կտրամադրվի բողոքի ցույցերին մասնակցելու համար համալսարաններից հեռացված ուսանողներին:
Ավելի վաղ գերմանական ԶԼ միջոցները հայտնել էին, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է հեշտացնել Բելառուսում պաշտպանության կարիք ունեցող հալածյալ ընդդիմադիր գործիչների ու նրանց ընտանիքների անդամների վիզայի տրամադրումը, հարկ եղած դեպքում նաեւ քաղաքական ապաստան տրամադրել նրանց: