Ամերիկյան «Forbes» հանդեսը գրում է, որ արեւմտյան ներդրողների համար կարեւոր են փոխկապակցված երկու հարց. քաղաքական ի՛նչ համակարգ կձեւավորվի Ռուսաստանում՝ Պուտինի հեռանալուց հետո եւ որքան ժամանակ կպահանջվի դրա համար:
«Արդյո՞ք անցումն այլ քաղաքական համակարգի համեմատաբար հարթ կընթանա, թե՞ ընդհակառակը՝ լրջագույն ապակայունացման կհանգեցնի: Ի դեպ, Ռուսաստանում ոչ ոք նման ապակայունացում չի ուզում»,- նկատում է հոդվածի հեղինակ Քենեթ Ռափոզան եւ փորձում պատասխանել իր հարցին:
«Նախորդ տարի Սահմանադրության փոփոխությունները միտումնավոր այնպիսի եղանակով են արվել, որ Պուտինը հետագայում գործելու ընտրության հնարավորություն ունենա: Սահմանադրության կարեւորագույն փոփոխությունը նրան ազատում է կառավարման ժամկետների քանակի սահմանափակումից։ Մինչ այդ սա Պուտինի կառավարման վերջին ժամկետն էր եւ կավարտվեր 2024-ին»,- նշում է «Forbes»-ի հոդվածագիրը:
«Սահմանադրության մյուս կարեւոր քաղաքական փոփոխությամբ նախկին նախագահն օժտվում է ցմահ անձեռնմխելիությամբ: Եթե Պուտինը 2024-ին կառավարման ղեկն անհաջող կերպով փոխանցի Նավալնու պես մեկին, ապահով կլինի, անգամ եթե ընտրություններում հաղթած հիպոթետիկ այդ Նավալնին բռնի Պուտինի դեմ պատերազմի ուղին ու սկսի վրեժխնդիր լինել հին «ցավերի» համար»,- օրինակ է բերում Ռափոզան:
Այնուհետեւ հոդվածագիրը փաստում է, որ Պուտինն առաջվա պես բավական մեծ հեղինակություն է վայելում եւ որեւէ մեկն այս պահին նրան փոխարինելու իրական հնարավորություն չունի:
«Եթե առաջիկա երկու տարում Պուտինը քննարկումներ ծավալի իշխանության փոխանցման՝ իր կողմից վերահսկվող գործընթացի շուրջ, դա, թերեւս, երկրում ներդրումների ռիսկերի խնդրին առնչվող ամենաանվտանգ որոշումը կլինի»,- եզրափակում է «Forbes»-ի հոդվածագիրը: