«Ուկրաինան կարող է կորցնել Մարիուպոլ եւ Խերսոն քաղաքները»,- «Ուկրաինա» հեռուստաալիքի՝ «Սավիկ Շուստերի ազատ խոսքը» հաղորդման եթերում նման միտք է արտահայտել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին:
Այդ կանխատեսումը նա կապել է Ուկրաինայի նախագահի՝ մի շարք հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման մասին որոշման եւ ՝ Ռուսաստանի՝ Ղրիմը ջրային պաշարներով ապահովելու մտադրության հետ:
«Հեռուստաալիքների փակումից հետո դժբախտաբար լարվածությունը սրվում է, մենք անցնում ենք պատերազմի հաջորդ փուլին: Եկեք ինքներս մեզ չխաբենք. արդեն ավելի հաճախ են կրակելու: Այնտեղ [Դոնբասում] ավելի շատ դիպուկահարներ ու ԴՀԽ-ներ [դիվերսիոն-հետախուզական խմբեր] են լինելու: Իհարկե նրանք [ռուսները] ուզում են ընդլայնել իրենց ռազմահենադաշտն Ուկրաինայում՝ Ղրիմը պահելու, այնտեղ ջուր հասցնելու նպատակով: Նրանք անպայման ձգտելու են վերահսկել Մարիուպոլն ու Խերսոնը եւ դրա համար հիմքեր են պատրաստելու»,- ընդգծել է Սահակաշվիլին: