Ռուսական դպրոցների բացումը վաղը կարող է օբյեկտիվորեն դառնալ անխուսափելի: Պատճառը շատ ավելի սովորական է, քան կարելի է պատկերացնել։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսների մեծ արտահոսք եղավ դեպի Հայաստան։
Հայտնի է նաեւ, որ 1991-ից հետո Հայաստանում փակվեցին ռուսական դպրոցները։ Ռուսերենն իր տեղը զիջեց անգլերենին. աշխարհն այլեւս նախկինը չէր, եւ մենք կպած չէինք միայն Մոսկվայի պորտալարին։ Քաղաքակիրթ աշխարհ դուրս գալու համար ավելի գերադասելի դարձավ անգլերենը։
Ռուսական դպրոցների փակումից հետո Մոսկվան տարբեր տարիներին փորձեր էր անում ռուսաց լեզվի համար Հայաստանում կարգավիճակ կորզել։ Բոլոր փորձերը ձախողվում էին, սակայն Հայաստանը չէր դիմադրում ռուսական մշակութային օջախների բացմանը, չէր դիմադրում նաեւ ռուսական պետական եւ մասնավոր հեռուստաալիքների տարածմանը։
Պատճառն այն էր, որ Հայաստանում, այնուամենայնիվ, քիչ մարդ չէր տիրապետում ռուսերենին, որովհետեւ տասնյակ տարիներ դա հայերենին այլընտրանք համարվող առաջին օտար լեզուն էր։
Մինչեւ հիմա ո՞նց էինք խուսանավում ռուսական դպրոցներ բացելու եւ ռուսերենին առանձնահատուկ կարգավիճակ տալու խնդրից, որը վերջին երկու տասնամյակում պահանջում էին Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը: Մենք ասում էինք՝ Հայաստանը 95 տոկոսով միատարր երկիր է, ռուսերենը չի կարող առանձնահատուկ կարգավիճակ ունենալ, ասենք, արաբերենի, անգլերենի, չինարենի, վրացերենի եւ նույնիսկ ադրբեջաներենի ու թուրքերենի համեմատ:
Այսօր արդեն իրավիճակ է փոխվել, ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է պատճառ դառնալ, որ ռուսները Հայաստանում լինեն մեծ փոքրամասնություն։ Եթե պատերազմը երկար շարունակվի, Հայաստանում ռուսների թիվը կարող է հասնել մինչեւ 100 հազարի: Ու բացառված չէ, որ նրանք երկար մնան այստեղ։
Իսկ ինչո՞ւ են գալիս հենց Հայաստան։ Որովհետեւ այստեղ ռուսներին վատ չեն վերաբերվում, եւ պատժամիջոցներից դուրս ենք։ Իսկ ռուսների արտահոսքը պայմանավորված է նրանով, որ նրանք աշխատում են Ռուսաստանից դուրս գտնվող կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությունը Ռուսաստանում են դադարեցրել, բայց ոչ ռուսների հետ։
Քիչ չեն, իհարկե, նաեւ նրանք, որոնք ռեժիմից են փախել, որովհետեւ այլեւս միջավայր չկա, ասենք, լրագրող լինելու, ընդդիմադիր լինելու, հետաքննող լինելու։
Քիչ չեն նաեւ այն ռուսները, որոնք աշխատանք են գտնելու Հայաստանում կամ արդեն աշխատում են Հայաստանի միջոցով։ Իսկ նրանք, որոնք օտարերկրյա ծրագրերով փող են աշխատում, դառնալու են հարկատու:
Մենք ունե՞նք այդքան ռեսուրս, որ ռուս երեխաներին սովորեցնենք հայերեն: Երբ դառնան հարկատու, բնականաբար կունենան նաեւ իրավունքներ։ Իսկ իրավունքներից մեկը մայրենի լեզվով կրթություն ստանալն է. մեծ փոքրամասնություն են։ Ինչպե՞ս է նրանց մերժելու Հայաստանը, միատարրությունն արդեն թեմա չի լինի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: