«Երկու հոգի հանդիպում են։ Մեկը հարցնում է՝ ո՞ւր ես գնում, մյուսը, թե բա՝ գնում եմ Թալինում ապրելու։
-Տասը տարվա պաշար ունե՞ս, որ գնում ես Թալին։
-Տասը տարվա չէ, բայց մոտ յոթ տարվա կա։
-Չէ՛, ուրեմն չե՛ս դիմանա։
Մի քանի տարի անց էս մարդիկ պատահաբար հանդիպում են, առաջինը հարցնում է։
-Էս ինչի՞ ես հետ դառնում։
-Ճիշտ էիր ասում, յոթ տարվա պաշարս վերջացավ, էլ ճար չկա, թողնում եմ գնամ:
Հովհաննես պապն այս պատմությունը հիշեց, երբ խնդրեցի պատմել Թալինի խնդիրների մասին։ «Մեզ մոտ այդպես է, հրաշք բան տասը տարին մեկ է լինում։ Շնորհքով բերք տասը տարին մեկ է լինում, ո՛չ բնությունն է մեր կողմից, ո՛չ կառավարությունը: Թե թալինցին տասը տարին մեկ 20 ցենտներ ցորեն հավաքի արտերից, աշխարհով մեկ է լինում։ Մայիս ամսին ցանածն արդեն դեղնում է»,- պատմում է Հովհաննես պապը՝ Թալին քաղաքի խնդիրների մեծ մասը վերագրելով ոռոգման ջրի բացակայությանը։ Հովհաննես պապի երեք որդիներն էլ աշխատանք չլինելու պատճառով տարիներ առաջ ընտանիքներով լքել են Թալինը։
Թալին քաղաքը Արտենի լեռան մոտ՝ Արագածի հարավարեւմտյան լանջին է։ Ժամանակին տնտեսության մեջ կարեւոր տեղ էր զբաղեցնում արդյունաբերությունը, գործում էին տարբեր ձեռնարկություններ, բնական ադամանդի մշակությամբ զբաղվող ձեռնարկությունը մինչեւ փակվելն ապահովում էր շուրջ 1000 աշխատատեղով, գործարանի փակվելուց հետո շատերը մեկնեցին արտագնա աշխատանքի։
Համախառն արտադրանքի մեծ մասը տալիս է գյուղատնտեսությունը, մարդիկ այստեղ զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ, մշակում հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Պահուստային հողերում վարելահողերը կազմում են 88 հա, արոտավայրերը՝ 1330 հա, խոտհարքերը՝ 5 հա։
Գետերի մշտական հոսք չունեցող այս շրջանը ժամանակին ապահովված է եղել ջրային հարուստ պաշարներով շնորհիվ հեղեղատներով լցվող Ներքին Սասունաշենի, Դավթաշենի, Վերին Թալինի, Վերին Բազմաբերդի 4,3 մլն մետր խորանարդ ընդհանուր տարողությամբ, ինչպես նաեւ Շենիկի, Աշնակի, Սաբունչիի արհեստական ջրամբարների: «Ոռոգման ջուր մինչեւ 1992 թվականի աշուն կար, դրանից հետո դա էլ չորացավ»,- պատմում է Հովհաննես պապը։
Գյուղատնտեսությունը՝ Աստծո հույսին
Տեղ-տեղ միայն ցորենի եւ գարու հասկերով ծածկված Թալինում կարող են աճել բոլոր մշակովի բույսերը, ասում են տեղացիները, պարծենում են, թե իրենց հողից ստացված բերքն ամենաանուշն է լինում, եթե իհարկե ջուր է լինում:
«Գյուղատնտեսությունը Աստծո հույսին է, վարելահողեր շատ կան, թալինցիների մեծ մասը ժամանակին սեփականաշնորհել են հողերը, բայց չեն կարողանում մշակել։ Անցյալ տարի բավականին վարուցանք արեցին՝ թե՛ հացահատիկ, թե՛ խոտաբույս, բայց ոչինչ չքաղեցին։ Բերում էին, կոմբայնը մտցնում արտը, մի երկու պտույտ անում, սկի տասը կիլոգրամ հատիկ չէր լինում, ծախսը չէր էլ հանում։ Օրինակ՝ մի հեկտարի վրա 100 000 դրամ ծախս են անում մինչեւ քաղելը, երբեմն էդ հարյուր հազար դրամով ավելի հեշտ կլինի պատրաստի ալյուր գնել»,- ասում է Յուրա Կարապետյանը։ Նախկին ուսուցիչն այսօր անասնապահությամբ է զբաղվում։
Ոռոգելի տարածքի 90%-ը ջուր չունի, չկա ոռոգման ցանց, մնացած 10%-ը ոռոգվում է ինքնահոս եղանակով: Տեղացիները պատմում են, որ 1960-ականներին թալինցիները սեփական ուժերով են սարերի ջուրը հասցրել քաղաք: Այսօր ոռոգման խնդրի լուծումը կապում են Արեգի պոմպակայանի վերականգնման հետ: Յուրա պապը վստահ է, որ ոռոգման ջուրը համայնքն իր ուժերով լուծել չի կարող։ Հսկայական ծախսերի հետ է կապված. «Ժամանակին ջուրը պոմպերով որ մղում էին Թալին՝ տարբեր պոմպակայաններից, ջրավազանում կուտակվում էր, հետո ինքնահոս գալիս էր, հիմա չկա, էդ էլ ժամանակի հետ շարքից դուրս է եկել։ Ո՞վ է բերելու այստեղ ոռոգման ցանց քաշի հիմա, ո՛չ ոք»։
Այսօր Թալինն ունի մեկ ջրամբար` տարողությամբ շատ փոքր, եւ եւս մեկը, որն ընդհանրապես ջուր չի պահում: Պաշտոնական թվերով քաղաքի ջրի բոլոր պաշարները միասին չի գերազանցում 150 հազար խորանարդը, այսինքն՝ 1200 հա սեփականաշնորհված վարելահողից 400-ն ընդհանրապես չի մշակվում:
«Երկու արհեստական ջրամբար ունենք, ճիշտ է, մեկը կուտակում է ջուր, բայց այստեղ չի հասնում, էդ ջրամբարի մերձակա թաղամասերը որոշ չափով ամառային սեզոնին իրենց այգիները կարողանում են ջրել, բայց ջուրը մյուս համայնքներին չի հասնում ,- ասում է Յուրա պապն ու ցույց տալիս իր տնամերձ ծառերը, որոնք ստիպված խմելու ջրով է ջրում։- Երեք տարի առաջ համայնքում ժողով գումարվեց «Ջրմուղ»-ի տնօրենի հետ։ Որոշվեց տնամերձերը, փոքր բանջարանոցները ջրելու համար մայիսից մինչեւ հոկտեմբեր յուրաքանչյուր ամիս 1 խորանարդ ջուրը 11 դրամով, մնացած օգտագործածը՝ 184 դրամով վաճառել գյուղացուն: Հունվարից ջուրն էլ թանկացավ, չգիտենք՝ այս տարի պայմանագիր կկապեն, թե ոչ»։ Խմելու ջրով ծառեր ջրելը լուծում չի կարող լինել, քանի որ ծառի արմատներն էապես վնասվում են, ասում են թալինցիները։
Թալին համայնքի հողերը բարենպաստ են հացահատիկային կուլտուրաների արտադրության եւ անասնապահության համար: Սակայն այս երկու ոլորտներն ունեն ցածր զարգացվածության տեմպ, որը պայմանավորված է ոլորտների ցածր կապիտալացման աստիճանով, վերամշակման տեխնոլոգիաների ու ոռոգման ջրի բացակայությամբ:
Թալինցիներն ասում են՝ ստացվող բերքի ծավալները կարող էին լինել մոտ 3 անգամ ավելի, եթե չլիներ ոռոգման ջրի խնդիրը։
«Մեզ մոտ անջրդի է, ցանքսի ժամանակ սերմը պահ են տալիս հողին, աչքներն էլ՝ երկնքին, սպասում, թե երբ անձրեւ կգա։ Բնական խոտհարք չկա, որ իրենց կերամիավորը կուտակեն, հիմնականում Արարատյան դաշտավայրից ենք խոտը գնում անասունների համար։ Կերամիավորներն էլ այս տարի թանկացել են»,- ասում է Յուրա Կարապետյանը։ Անցյալ տարվա երաշտի պատճառով թալինցիների մեծ մասը ստիպված էր մորթել ու վաճառել խոշոր ու մանր եղջերավորներին։ «Անցած տարին դաժան էր, արոտ չկար, հացահատիկ ընդհանրապես չկարողացանք քաղել, 1 հեկտարից 30-40 կգ ցորեն էլ չքաղեցինք»:
Յուրա Կարապետյանը հիշում է, որ Թալինում 25 տարի առաջ 2500-3000 գլուխ ոչխար կար, այսօր ամբողջ Թալինում մնացել է մոտ 200-ը։ «Ժամանակին մեր էս փոքր թաղում միայն 300-400 ոչխար կար, ամսավարձով տանում պահում էին, դա էլ վերացավ, խոշոր եղջերավորներն էլ վերացրել են միանգամից»։ Ժամանակին թալինցիներն օգտվել են հողի սեփականության իրավունքից, եւ յուրաքանչյուրն իր միջինը 800 քմ տնամերձից բացի ունի եւս 1 հա վարելահող:
«Այստեղ գյուղատնտեսական վարկեր էին տալիս տարիներ առաջ, որոշ մարդիկ ստացան, էն էլ տոկոսադրույքը շատ բարձր է, չեն կարողանում փակել»,- ասում է Յուրա պապն ու կանչում հարեւան Ռոստոմին՝ հաստատելու իր խոսքերը։
«Գյուղատնտեսական վարկից ես էլ եմ օգտվել, բայց որ ստացա՝ ի՞նչ օգուտ։ Չեմ կարողանում փակել, երեք տարի է արդեն։ Մի վարկ վերցնում ենք, մյուսը փակում։ Անցած տարի ցանեցի, ոչ մի հատիկ չքաղեցինք, համատարած երաշտ էր, այս տարի էլ սերմացու չունենք, որ ցանենք։ Թանկացել է, դրա համար անասնակեր էլ չկարողացանք գնել, ստիպված հինգ կովին մորթեցինք, որ էն մյուս հինգին պահենք»։ Թալինցիները վստահ են՝ եթե ոռոգման ջրի հարցը լուծվի, մարդիկ երբեք չեն լքի իրենց հողը, կմնան ու կստեղծեն օրվա հացը։
«Թալինում չորս քաղաքապետ է փոխվել, չորսն էլ ամեն ընտրությունից առաջ խոստացել են ջրի հարցը լուծել»,- ասում են քաղաքի կենտրոնում հավաքված մեծահասակներն ու սպասում քաղաքապետի առաջիկա ընտրություններին՝ առանձնապես մեծ հույսեր չփայփայելով, որ հերթական ղեկավարը կենսական նշանակության այս հարցն ի վերջո կվերցնի իր ուսերին։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։