Ֆիզիկայի գիտավանի բնակիչների գրությանն ի պատասխան՝ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը տեղեկացրել էր, որ նախարարության (ԿԳՄՍ) փորձագիտական հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 1-ի նիստում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ) բանավանում գտնվող շինություններին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Նախարարի տեղակալը նամակում նաեւ հայտնել էր, որ բանավանի շենքերի սեփականատեր կամ բնակիչ լինելը բարեբախտություն է, բայց եւ պատասխանատվություն ու պարտավորություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ:
«Խնդրում ենք չաղճատել եւ չձեւափոխել դրանց պատմական տեսքը: Եթե շինարարության կամ վերանորոգման կարիք առաջանա, անհրաժեշտ է իրականացվող աշխատանքների նախագիծը համաձայնեցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ»,- նշված է նախարարության պատասխանի մեջ:
Սակայն Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ նորահայտ հուշարձանների ցուցակում հայտնվելուց մի քանի ամիս անց նախարարության կազմած հանձնաժողովը բանավանի մի որոշ հատված հանել է հուշարձանի տարածքից: «Նույնն է, թե Գառնու տաճարի մի սյունը չհամարել հուշարձան, մնացած 23-ը՝ համարել»,- ասում է ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչ Սեդա Գրիգորյանը:
Հուշարձանի աղճատման պատճառը ներդրումների աջակցման կենտրոնի դիրքորոշումն է՝ ի շահ տարածքում նոր կառուցապատում իրականացնողի: Ալիխանյան 6/1 հասցեում 12 վերգետյնա և 3 ստորգետնյա հարկանի շենք է կառուցվում, երբ գիտավանի կոլորիտը 4-5 հարկանի շենքերն են պայմանավորում: Ստացվում է, որ տարածքը պահպանելու եւ չաղճակատելու պարտականության ծանրությունը բնակիչների վրա է դրված: Միաժամանակ բնակիչները չէին կարող համակերպվել անարդարության հետ: Հուշարձանի աղճատման հայցով, ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, դիմել են դատարան, որը, սակայն, վարույթ չի ընդունվել:
«Եթե կառուցապատողը խելացի լիներ, 5 հարկանի շենք կնախատեսեր, ոչ բարձր ու հաստատ ավելի շատ եկամուտ կստանար, որովհետեւ մարդիկ այստեղ կոլորիտի համար են գալիս: Եվ այսքան խնդիրներ գուցե չծագեին»,- ասում է գիտավանի մեկ այլ բնակիչ՝ Վահրամ Ասատրյանը:
Այս տարվա փետրվարին իրավաբանական խումբը բացահայտել է, որ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու հիմքում «Արտպրո» արտադրական կոոպերատիվի փորձաքննությունն է, որի համապատասխան լիցենզիան այդ պահին դադարեցված է եղել: Այս մասին տեղեկություն է տրամադրել Քաղաքաշինության կոմիտեն:
Բնակիչների կարծիքով Ալիխանյան 6/1 հասցեում կառուցապատման գործընթացի հիմքերը կասկածելի են: Նրանք մի շարք ապօրինություններ են բացահայտել, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկել են քաղաքապետարանին եւ իրավապահ մարմիններին: Օրինակ՝ հողի նկատմամբ վարձակալության, այնուհետեւ սեփականության իրավունքի ձեռքբերման համար հիմք է եղել տարածքում երբեւէ գոյություն չունեցած նկուղի ձեւակերպումը։ 2019 թվականին տեղի ունեցած հանրային լսումների մասին քաղաքացիները չեն իրազեկվել: Լսումների մասին նախորդ երեկոյան պատահաբար տեղեկացել են երրորդ անձից: Ինչը նշանակում է, որ բնակիչների պատշաճ իրազեկում չի իրականացվել, եւ նրանք, օրենքի համաձայն, նախապես փաթեթին ծանոթանալու եւ իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն չեն ունեցել: Նրանց կարծիքը չի արտացոլվել վերջնական որոշման մեջ:
Ավելի քան 2,5 տարի խախտվել է բանավանի անդորրը, բնակիչներն, անձնական կյանքն ու աշխատանքը թողած, զբաղվում են իրենց իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցերով: Ամեն օր կանգնում են նոր մարտահրավերների առջեւ: Շինարարության ընթացքն անգամ անխոչընդոտ չի անցնում: «Նույնն է, որ ամենօրյա ռեժիմով ձեր բաժակի մեջ թույն ավելացնեն: Սա կարող է հանգեցնել տարաբնույթ հիվանդությունների, անգամ ինսուլտի ու մահվան պատճառ դառնալ»,- ասում է Վահրամ Ասատրյանը:
Շինարարները կիրառում են հիդրավլիկ մուրճ, այն էլ՝ երկու, որոնց բարձրացրած աղմուկն անտանելի է, հատկապես տարեցների ու խոցելի խմբերի համար, որոնք ամբողջ օրն անցկացնում են տանը՝ աղմուկի մեջ: Վերահսկող մարմնի ներկայացուցիչներն արձանագրել են, որ կիրառվող տեխնիկայի աղմուկը 30 դեցիբելով բարձր է նորմայից:
Կապալառուն տուգանվել է, «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն վարձել է նոր կապալառու ու շարունակում է իր աշխատանքը:
Քուն ու հանգիստ կորցրած բնակիչները ոչ միայն չեն ընկրկում, այլեւ բարի սովորույթի համաձայն շարունակում են ժառանգություն ստացած բանավանի տարածքը պահպանել ու բարեկարգել ամենայն պատասխանատվությամբ:
Ապրիլի 12-ին նրանք սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով ծառատունկ են կազմակերպել, սոսիների ակադեմիական պուրակ են հիմնել՝ ի պատիվ 12 ակադեմիկոսների, որ ապրել ու արարել են թաղամասում:
Հիշեցնենք, որ կառուցապատման համար բնակիչների տնկած ու խնամած բազում ծառեր ոչնչացվել էին:
Բնակիչները դեռ սպասում են Երեւանի նոր քաղաքապետի այցին, որ խոսք է տվել նախորդ տարվա դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերից:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։