Հայաստանի Հանրապետությունը ձգտում է դառնալու մի պետություն, որը հարգում է հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց իրավունքները, հիմնական ազատությունները եւ բացառում է խտրականության բոլոր դրսեւորումները: Դրան հասնելու համար Հայաստանը պետք է շարունակի աշխատանքներն՝ ուղղված ներառական եւ կայուն զարգացմանը։
Տարիներ շարունակ կիրառվող հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել որպես իրավունքի լիիրավ սուբյեկտներ, եւ չի կարեւորվել նրանց անկախ ապրելու իրավունքը:
2021 թվականին ընդունվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, որոնցով օրենսդրական մակարդակում Հայաստանը հրաժարվեց հաշմանդամության բժշկական մոտեցումից՝ անցում կատարելով մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման։
Չնայած դրան եւ ոլորտում իրականացվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ են բախվում խտրականության եւ իրենց իրավունքների իրացման դժվարությունների, ինչի հետեւանքով խախտվում են նրանց կրթության, աշխատանքային, սպորտային եւ մշակութային կյանքին մասնակցելու, ազատ տեղաշարժի, ընտրելու, առողջության պահպանման եւ այլ իրավունքներ:
«Ալիք Մեդիա»-ն այս անգամ անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթական ոլորտում անմատչելիություններին եւ անհրաժեշտ բարեփոխումներին:
Ալլա Սահակյանը, որ սովորում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ եւ ներառական կրթության ֆակուլտետի տիֆլոմանկավարժության բաժնում, մեզ հետ զրույցում ասաց, որ բուհերում ամենամեծ խնդիրն ուսումնական գործընթացի անմատչելիությունն է. «Համալսարան ընդունված հաշմանդամություն ունեցող անձին հատուկ վերաբերմունք հարկավոր չէ: Պարզապես դասախոսապրոֆեսորական կազմը պետք է անցնի վերապատրաստում, որպեսզի հասկանան ինչպես կազմակերպել ուսումնական գործընթացը, ինչպես շփվեն նման մարդկանց հետ:
Մանկավարժական համալսարանում մեր բարձրացրած խնդիրները հիմնականում լուծվում են: Բայց քանի որ մյուս ֆակուլտետների դասախոսական կազմը վերապատրաստում չի անցել, դժվարանում է հաշմանդամություն ունեցող անձի համար ուսումնական գործընթացի կազմակերպումը»:
Նրա կարծիքով հենց դա է բոլոր համալսարանների ամենամեծ խնդիրը: Դասախոսական կազմը չգիտի հաշմանդամություն ունեցող անձի հետ շփվելու էթիկական նորմերը, չի գիտակցում հավասարության ապահովման անհրաժեշտությունը:
Ալլան խորհուրդ է տալիս համալսարաններում կրթության մատչելիության հարցով քննարկումներ անցկացնել կա՛մ հաշմանդամություն ունեցող ուսանողների, կա՛մ հատուկ մասնագետների հետ:
Նա պատմում է, որ իր համալսարանն ինչ-որ չափով մատչելի է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Թույլ եւ մնացորդային տեսողություն ունեցող ուսանողների համար աստիճանների սկիզբն ու ավարտը նշված են դեղին գծանշումներով, իսկ 5-րդ եւ 9-րդ հարկի բոլոր լսարանների դռների վրա կան նշումներ բրայլյան տարբերակով:
Ալլան հիշում է, որ սկզբնական շրջանում դժվարանում էր գտնել իրեն անհրաժեշտ լսարանը, եթե դրա վրա չկար բրայլյան մակնշում եւ խնդրում է հաշմանդամություն ունեցող ընկերներին բարձրաձայնել իրենց հանդիպած խնդիրներն ու չկոտրվել դրանց պատճառով:
Իսկ Արտյոմ Առաքելյանը կարծում է, որ ուսումնական հաստատությունները Հայստանում ընդհանրապես հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց:
Նրա կարծիքով՝ համալսարաններում առկա է ոչ միայն ֆիզիկական, այլեւ կրթական անմատչելիություն. «Օրինակ՝ իմ սովորելու տարիներին եղել են դասախոսներ, որոնք ինձ ստիպում էին գրել: Ինձ համար արագ գրելը խնդիր էր, սակայն մեկ է, դասախոսները պահանջում էին: Նրանք պարզապես պատրաստ չէին առնչվելու նման խնդիրներով մարդկանց հետ: Քանի որ ես ֆիզիկապես վաղուց հարմարվել եմ իմ վիճակի հետ, մեծ դժվարությունների հանդիպելիս ինքս եմ դրանք լուծում, ինձ հետ այլ դեպքեր չեն պատահել»:
Արտյոմի համար մեծ խնդիր էր հենց դասախոսների իրազեկված չլինելը: «Օրինակ՝ իմ պրոթեզները մի քանի տարին մեկ փչանում են: Նորը ստանալուց առաջ ինձնից չափսեր են վերցնում, մի քանի օր պատրաստում են: Այդ ընթացքում ես բացակայում էի: Բժշկի թուղթ չէի կարող ներկայացնել, ու իմ բացակայություններին դասախոսներս քամահրանքով էին վերաբերվում: Նրանք ընդհանրապես տեղյակ չեն, չգիտեն ինչպես առնչվել նման մարդկանց հետ: Անգրագիտության պատնեշ է»,- ասում է Արտյոմը:
Պետրոս Էֆենջյանը հաշմանդամ է դարձել 44-օրյա պատերազմից հետո։ Պատմում է, որ վերջերս ցանկանում էր ընդունվել համալսարան:
«Հետաքրքրվեցի Գեղարվեստի ակադեմիայով ու հենց այդ ժամանակ էլ հանդիպեցի խնդիրների: Բացակայում էին վերելակները, իսկ ինձ անհրաժեշտ էր բարձրանալ երկրորդ հարկ: Պետքարանները նույնպես հարմարեցված չեն: Անհարմարություններ կան նաեւ դռների, թեքահարթակների հետ կապված: Եվ այդ խնդիրները բոլոր համալսարաններում կան»,- ասում է Պետրոսը:
Կրթության փորձագետ Մհեր Դավթյանը կարծում է, որ ներառական կրթության իրականացման ամենախնդրահարույց ոլորտը հենց բուհական կրթությունն է: Ներառական կրթության ներդրումից հետո հանրակրթական դպրոցներում տարատեսակ ծրագրեր իրականացվեցին թե՛ վերապատրաստումների, թե՛ ֆիզիկական հարմարեցումների տեսքով: Իսկ նախադպրոցական եւ բուհական հաստատություններում ներառականության խնդիրը դեռեւս կա: Այստեղ խոչընդոտները բազմաթիվ են, այդ թվում ֆիզիկական ու նաեւ ուսումնական ծրագրերի անմատչելիությունը:
«Կան շատ աջակցող տեխնոլոգիաներ, որոնց կարիքն ուսանողներն ունեն: Եթե հնարավոր լիներ որեւէ ռեսուրս կենտրոն ունենալ, որտեղից բոլոր համալսարանները կկարողանային օգտվել, շատ լավ կլիներ»,- ասում է Դավթյանը:
Լսելով մեր հերոսների հետ կատարված դեպքերը՝ փորձագետը մի միջադեպ հիշեց. «Վերապատրաստումներից մեկի ժամանակ իմ գործընկեր դասախոսներից մեկն ասաց՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարկավոր է առանձնացնել, որովհետեւ նրանց հետ պետք է իրականացվի հավելյալ աշխատանք: Իրականում, եթե ինստիտուցիոնալ լուծումներ կան, ապա դա այլեւս հավելյալ աշխատանք չէ: Այսինքն՝ եթե դասախոսն ունենա իր նյութն էլեկտրոնային կամ աուդիո տարբերակով, ապա ուսանողի համար այլեւս հավելյալ աշխատանք կատարելու կարիք չի լինի»:
Վերջում նշենք, որ կառավարությունում քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել կրթության մատչելիությանը: Մինչեւ 2027 թվականը կստեղծվի հայերեն ժեստերի լեզվի հեռավար թարգմանության ծառայությունը, եւ կմշակվեն հայերեն բանավոր խոսքից գրավոր տեքստի եւ հակառակը (Text to Speech եւ Speech to Text) փոխակերպման ծրագրային լուծումները:
Ինչպես նաեւ կստեղծվի վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը, որը կընդգրկվի կրթական ծրագրում եւ կկարգավորի հաշմանդամություն ունեցող անձի համար համացանցի մատչելիությունը: