Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամ այցելել են Ուկրաինա: Սա պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա։
Մոնտանա նահանգից սենատոր Սթիվ Դեյնսը եւ Ինդիանայից կոնգրեսական Վիկտորիա Սփարցը եղել են Կիեւում եւ Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում, դրանց թվում՝ Բուչայում եւ Բորոդյանկայում։ Կոնգրեսականները գնացքով Կիեւ են ժամանել Արեւմտյան Ուկրաինայի տարածքից։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 15-ին վերահաստատել է Ուկրաինային ռազմական, տնտեսական եւ հումանիտար աջակցություն ցուցաբերելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։ Բլինքենը եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են այդ հարցերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 13-ին հայտարարեց Վաշինգտոնի՝ Կիեւին եւս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին։