Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ աջակցություն հայտնելով Ուկրաինային։
«Ապրիլի 14-ին լրացավ ուկրաինական սարսափի 50-րդ օրը։ 50 օր պատերազմ է Եվրոպայի սրտում։ Նախագահ Զելենսկու հետ իմ զրույցի ժամանակ ես եւս մեկ անգամ հայտնեցի մեր վճռականությունը՝ կանգնելու նրա կողքին եւ վերջ դնելու հակամարտությանը։
Ուկրաինայում սարսափելի հանցագործություններ են կատարվել: Մեր փորձագետները դեպքի վայրում ուկրաինացի եւ միջազգային դատական մարմինների պաշտոնյաներին օգնում են ապացույցներ հավաքելու եւ բացահայտելու մեղավորներին: Ռուսաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Առանց արդարության խաղաղություն չկա»,- Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնն ընդգծել է, որ պատերազմի անցած 50 օրերի ընթացքում Ֆրանսիան ուկրաինական բանակին տրամադրել է ավելի քան 100 միլիոն եվրոյի զինտեխնիկա եւ կշարունակի ռազմական աջակցությունը։ Բացի դրանից՝ Ֆրանսիան Ուկրաինային ուղարկում է 24 հրշեջ եւ 50 շտապ բուժօգնության մեքենա։