2016 թվականին ԵՊՀ իտալերեն լեզվի եւ գրականության բաժնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թարգմանիչ Գրիգոր Ղազարյանը իտալացիների համար նախաձեռնում է առցանց հայերեն դասընթացներ։ «Pontem Armeniae» առցանց դպրոցը կամ, ավելի ճիշտ, թարգմանչական լաբորատորիան ակտիվանում է հատկապես համաճարակի շրջանում։ Տարբեր ոլորտների մասնագետների շարքում էր նաեւ Իտալիայի Պադովայի համալսարանի նախկին պրոֆեսոր, աշխարհագրագետ, գրող Պիերպաոլո Ֆաջջին։
Իտալացի գրողը Հայաստանն իր համար բացահայտել է դեռեւս 2013 թվականին, երբ սկսել է ճամփորդել երկրով, գրի առել տպավորությունները։ Արդյունքում լույս է ընծայել «L’albicocco, la vite, il melograno»՝ «Ծիրանենի, խաղողի ողկույզ, նռնենի» գիրքը, որը դրսից հայացք է մեր երկրին, հայ մարդու նիստուկացին։ Պիեպաոլոն ճանապարհորդում է ոտքով, չի օգտվում տրանսպորտային միջոցներից։
Երկու տարի հայերեն սովորելուն զուգահեռ Պիերպաոլո Ֆաջջին նաեւ սկսում է թարգմանություններ անել։ «Զգացի, որ հետաքրքրությունս աստիճանաբար աճում է եւ, մոտենալով Չարենցի 125-ամյակի կարեւոր հանգրվանին, առաջարկեցի համատեղ մեծ գործ սկսել՝ «Դանթեական առասպել» պոեմի թարգմանությունը։ Ի դեպ, երբ մեր տեքստն արդեն հանձնել էինք խմբագրություն, տեղեկացանք, որ ամիսներ առաջ ստեղծագործությունն իտալերեն են թարգմանել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելլան եւ Ստեֆանո Գարցոնիոն Հռոմի եւ Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի ջանքերով»: Գրիգոր Ղազարյանը կարծում է , որ այնուամենայնիվ, 26 լեզուներով թարգմանված Չարենցը միշտ նորովի բացահայտման տեղ ունի:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում օրերս պոեմի իտալերեն նոր թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ։ Երկլեզու ժողովածուն ներառում է չարենցյան յոթ բանաստեղծություններ եւս, որոնք Գրիգոր Ղազարյանը նախկինում թարգմանել եւ ներկայացրել է «Հրանտ Նազարյանց» գիտահետազոտական կենտրոնի կայքէջում։
Ժողովածուն լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը՝ նախաձեռնության հեղինակների անձնական միջոցներով։
«Մեծ աշխատանք արվեց, նախ տողացի թարգմանության, ապա՝ հանգավորման առումով։ Պիերպաոլոյի մոտեցումը եւ ուշադրությունը յուրաքանչյուր մանրուքի հանդեպ ինձ հիացրեց։ Նա հետաքրքրված է հայ պոեզիայի պատմությամբ, հիմնական կառուցվածքով։ Պոեմի նոր թարգմանությունն ամբողջությամբ պահպանում է բնագրի կառուցվածքային տրամաբանությունը, շղթայաձեւ հանգավորման սկզբունքը։ Պատահական չէ, որ Չարենցը շղթայաձեւ հանգավորմամբ է գրել «Դանթեական առասպելը»․ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն»-ն է շղթայաձեւ հանգավորմամբ։ Չարենցն էլ նույն այդ կառուցվածքով խոսում է աշխարհի հետ, այնպես, ինչպես Դանթեն։ Արդյունքում ստացվել է արժանի թարգմանություն, որն ուրախ ենք ներկայացնելու իտալացի ընթերցողին»,- ասաց Գրիգոր Ղազարյանը։
Պոեմը պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է: 1915 թվականին ռուսական զորքերն անցնում են հարձակման: Կռիվներ են Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքում: Եղիշե Չարենցն անձամբ մասնակցում է մարտերին 6-րդ դիվիզիայի կազմում: 18-ամյա բանաստեղծը, տեսնելով ավերված գյուղերը, անհամար դիակները, պատերազմի դաժան մղձավանջը, Դանթեի «դժոխքը» հիշեցնող պատկերների անմիջական տպավորության տակ գրում է «Դանթեական առասպել» պոեմը՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915 թվականի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում:
Թարգմանությունը «Pontem Armeniae»՝ «Հայկական կամուրջ» կոչվող թարգմանական լաբորատորիայի առաջին լուրջ քայլն է, որին մասնակից են դառնում հայագիտությամբ զբաղվող իտալացիները։ Ժողովածուի նախաձեռնողները կարեւորել են հատկապես հայերենից իտալերեն թարգմանությունը, հակառակը, ըստ նրանց, ավելի հաճախ է արվում, մինչդեռ մեր գրականությունը արտերկրում ներկայացման կարիք ունի։ «Կարծում եմ, պարտադիր է, որ թարգմանիչները լեզվաբանություն- թարգմանություն ճանապարհն անցած լինեն, հետո միայն ձեռնարկեն լուրջ թարգմանություն։ Իհարկե չենք կարող այս ամենը վերահսկել, կան մարդիկ, որոնք սեփական նախաձեռնությամբ, տվյալ երկրի մշակույթի հանդեպ սիրով առաջնորդվելով, բայց եւ այնպես չունենալով մասնագիտական հենք, որեւէ գործ են թարգմանում։ Ցանկալի է արհեստավարժության սկզբունքը պահպանել. «Pontem Armeniae»-ի մոտեցումը սա է»,- ասում է Գրիգոր Ղազարյանը։ Վերընթերցումների, ուղղումների հարցում օգնել է Պերուջայի համալսարանի պրոֆեսոր Նատալե Ֆիորետտոն։
Ժողովածուի նախաձեռնողների կարծիքով «Դանթեական առասպել»-ի թարգմանության նախաձեռնությունը ժամանակակից աշխարհում տեղի ունեցող պատերազմական այս ճգնաժամերի համատեքստում կարեւոր է եւ արդիական։
Պիերպաոլո Ֆաջջին, անցյալ տարի ճամփորդելով Լոռվա մարզում, այցելելով Թումանյանի տուն-թանգարան, որոշել է թարգմանել «Լոռեցի Սաքոն» ստեղծագործությունը։ Գրիգոր Ղազարյանն ասում է՝ պոեմի թարգմանությունն այս պահին էջադրման փուլում է։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։