Բելգիական RTBF հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ կիրակի օրվանից ուժի մեջ է մտել Բելգիայի նավահանգիստներ Ռուսաստանի դրոշով նավերի մուտքի արգելքը:
Ըստ Բելգիայի արդարադատության եւ Հյուսիսային ծովի գործերի նախարար Վինսենտ Վան Կիկենբոռնի՝ ԵՄ սահմանած պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում կիրառվող այս միջոցը կվերաբերի շուրջ վեց հազար ռուսաստանյան նավերին։ Պատժամիջոցը կառնչվի նաեւ այն նավերին, որոնք ռուսաստանցի վարձակալները վարձել են Անտվերպենի, Զեբրյուգեի եւ Գենտայի նավահանգիստներում:
Պատժամիջոցների կիրառման եվրոպական կանոնները ԵՄ-ի նավահանգիստներ մտնելու հատուկ թույլտվության հիման վրա բացառություններ են նախատեսում մի շարք նավերի համար, որոնց համար պատասխանատվություն է կրում առանձին վերցված նավահանգիստը:
Բելգիայի ծովային գերատեսչությունների պարզաբանմամբ՝ արգելքի համար պետք է հաշվի առնվի այդ պահին տվյալ նավի, նավահանգստի եւ բեռի առանձնահատկությունը։ Յուրաքանչյուր նավահանգստում ամեն մի նավի անհրաժեշտ է ստանալ նոր թույլտվություն: Ընդ որում՝ թույլտվությունը լինելու է որոշակի ապրանքի բեռնաթափման համար:
RTBF-ն ռուսաստանյան նավերին բելգիական նավահանգիստներ մտնել թույլ տվող բազմաթիվ բացառություններ է թվարկել:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է գազի ու նավթի, ինչպես նաեւ բոլոր տեսակի դեղագործական, բժշկական, գյուղատնտեսական, արդյունաբերական ապրանքների, ներառյալ ցորենի եւ պարարտանյութերի գնման, ներմուծման եւ ԵՄ փոխադրմանը: Ռուսական նավերի համար մուտքը բելգիական նավահանգիստներ կարող է թույլատրվել նաեւ հումանիտար նպատակներով:
Բելգիայի իշխանությունների տվյալներով՝ ներկայում ավելի քան տասը ռուսական նավ ուղեւորվում է դեպի Հյուսիսային ծովի նավահանգիստներ, եւ նրանցից միայն երեքի համար է մուտքն արգելվելու՝ հաշվի առնելով բոլոր գործող բացառությունները։