ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Երեւանում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, ՀՀ արտգործնախարարը Երեւանում ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը:
Կարեւորվել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:
Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման եւ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։