Կովկասի բնության հիմնադրամը 95 հազար 500 եվրո է տրամադրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկին: Դա այս տարվա առաջին գումարային փոխանցումն է՝ տեղեկացնում են հիմնադրամից:
Բնության հատուկ պահպանվող տարածքին հատկացված գումարն անհրաժեշտ է կառույցի արդյունավետ գործունեությանն ուղղված ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար։
Հիմնադրամի հաղորդագրությունում նշված է, որ առաջին գումարային օժանդակությունն է հատկացվել նաեւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին՝ 142 հազար 500 եվրո, եւ «Արփի լիճ» ազգային պարկին՝ 34 հազար եվրո։
Տեղեկանք
Փամբակի, Արեգունու, Միափորի, Իջեւանի եւ Հալաբի լեռնաշղթաների լանջերին, Աղստեւ եւ Գետիկ գետերի ավազաններում 1070-2900 մ բարձրությունների վրա տարածվող «Դիլիջան» ազգային պարկն իր 33765 հա տարածքով Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ եւ յուրօրինակ կենսաբազմազանությամբ: Զբաղեցնելով ՀՀ տարածքի մոտ 1%-ը՝ այն ընդգրկում է Հայաստանի անոթավոր բույսերի ավելի քան 25%-ը՝ 977 տեսակ։