2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին շատ ակտիվորեն շահարկվեց նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության թեման։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի օրերին պարբերաբար խոսում էր այս գործի վերաբացման մասին։ Մասնավորապես, Արարատում բնակիչների հետ հանդիպման ժամանակ էլ նա հայտարարեց, թե արտահերթ ընտրություններում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քվեարկությամբ ստիպելու հոկտեմբերի 27-ի գործի կազմակերպիչներին պատասխան տալ. «Նախաքննությունը բացված է, եւ Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաեւ ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն եւ պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն, եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձեւակերպել»։
Դատելով քվեարկության արդյունքներից՝ քաղաքացին ձեւակերպեց այդ գործի բացահայտման հանրային պահանջը՝ իշխանություններին պատվիրակելով ամենայն խորությամբ քննել այն։ Սակայն, ինչպես մարտի 1-ի գործի, այնպես էլ այս դեպքում ոճրագործության բացահայտման ուղղությամբ լուրջ քայլ չի արվել։ Հոկտեմբերի 27-ի մայր գործից առանձնացված մասի քննությունը դոփում է տեղում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ի գործից առանձնացված մասը վերաբերում էր ոճրագործությանը հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելուն։ Այն վերաբացվել էր 2019-ին տուժողների իրավահաջորդներից Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա։
ՀՀ գլխավոր դատախազության՝ ԱԺ ուղարկված տարեկան հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քրեական գործով հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը եւ Ժորա Սարգսյանը:
Ըստ դատախազության՝ կատարվել են բազմաթիվ առգրավումներ. «Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի եւ Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար:
Քննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից եւ այլ ստորաբաժանումներից առգրավվել են սույն դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք ներկայումս ուսումնասիրության փուլում են:
Ստացվել են նաեւ սույն գործով դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները:
Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով եւ ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք կատարման փուլում են»:
Բացի այդ՝ տեղեկանում ենք, որ տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություններ: Եվ ինչպես նշված է դատախազության հաղորդագրության մեջ. «Նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, եւ դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան»: Դատախազությունը տեղեկացնում է, որ կատարվում են համապատասխան դատավարական գործողություններ։
Եթե անկեղծ, միամտություն է այս իշխանություններից հոկտեմբերի 27-ի գործի բացահայտում ակնկալելը. խոսքը մի իշխանության մասին է, որի թեթեւ ձեռքով պարզապես «թաղվեց» մարտի 1-ի գործը։ Որեւէ կասկած չկա, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նաեւ սա։ Ի վերջո, դատելով մինչեւ հիմա տեղի ունեցածից, հոկտեմբերի 27-ի գործն իշխանություններն օգտագործում են քաղաքական շահարկումների համար՝ սլաքները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուղղությամբ ուղղորդելու եւ այդպես մարդկանց մոտ դիվիդենտներ շահելու համար։ Եվ վերջ։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: