Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար, որին երկար ժամանակ պատրաստվել են:
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ ռուսական զորքերը փորձում են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում՝ տարածաշրջանում լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Ռուսաստանը նաեւ շարունակում է օգտագործել Բելառուսի տարածքը ուկրաինական բնակավայրերը գնդակոծելու համար:
Ուկրաինայի արեւելքում ռուսների գրոհի մեկնարկի մասին հայտնել է նաեւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Վերլուծաբան Օլեգ Ժդանովն ընդգծել է, թե ռուսները Իզյում եւ Գուլյայպոլե ավաններից կշարժվեն դեպի Կրամատորսկ՝ փորձելով օղակել քաղաքը:
Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը եւս նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է գրոհը երկրի արեւելյան շրջանում:
Դանիլովն ասել է, որ ամբողջ ռազմաճակատի գծով Դոնեցկի, Լուգանսկի եւ Խարկովի շրջաններում ռուսական զորքը փորձել է ճեղքել պաշտպանությունը, բայց միայն երկու քաղաքներում՝ Կրեմեննայայում եւ մի ուրիշ փոքրիկ քաղաքում է ռուսական բանակն առաջ անցել:
Դանիլովը շեշտել է, թե ռուսների նպատակն է մինչեւ ապրիլի 24-ը՝ ուղղափառների Զատիկը, ամբողջությամբ գրավել Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանները: