Ըստ «Sputnik Արմենիա»-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտնել է, որ Եվրասիական միությունում մտադիր են զրոյացնել եւս 1500 ապրանքի մաքսատուրքերը։ Մոտ մեկուկես հազար ապրանք արդեն ազատված է մաքսատուրքերից մինչեւ 2022-ի սեպտեմբերի վերջը: Մոտ օրերս կոլեգիան կընդունի որոշման հերթական փաթեթը:
Մաքսատուրքերը կզրոյացվեն Եվրասիական ագրոարդյունաբերական համալիրի, դեղագործության, մեքենաշինության անհրաժեշտ ապրանքների, նյութերի եւ համալրիչների համար: Դրանց թվում են հացահատիկային եւ այլ մշակաբույսերի սերմեր, ագրոքիմիկատներ, դեղորայք եւ դեղագործական նյութեր դրանց արտադրության համար, ինչպես նաեւ շարժիչներ ու մեքենաշինության այլ բաղադրիչներ (ինքնաթիռաշինության համար այն կգործի մինչեւ 2023-ի վերջը):
Սլեպնեւը ընդգծել է, որ մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացումը կօգնի բիզնեսին մոտ 200 միլիարդ ռուբլի խնայելու: Խնայված գումարով մասնակիորեն կփոխհատուցվեն լոգիստիկայի համար աճող ծախսերը (ամբողջ աշխարհում կոնտեյներային եւ այլ փոխադրումների կտրուկ թանկացման պատճառով):
Պարզեցնել ազգային արժույթների փոխանակումը
ԵՏՀ առեւտրի հարցերով նախարարը նշել է նաեւ, որ Եվրասիական միության շրջանակում պետք է պարզեցնել ազգային արժույթների փոխանակումը եւ դրանց նկատմամբ ազգային պատժամիջոցներ չկիրառել։
Սլեպնեւն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրներում ազգային արժույթներով հաշվարկների հարցում բիզնեսին խանգարում են գործարքների բարձր ծախսերը։ Փոխարժեքները սահմանվում են ոչ թե ուղղակիորեն, այլ դոլարի միջոցով, ուստի արժույթի փոխարկումը տեղի է ունենում երկու անգամ, ինչը, բնականաբար, թանկացնում է գործարքները։
Պաշտոնյան նշել է, որ ԵՏՀ-ն աշխատում է ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ:
Ըստ Սլեպնեւի՝ կարեւոր է, որ ԵԱՏՄ-ի ներսում առեւտրի մեջ միության երկրների արժույթները մարտի սկզբից մտցրած արժութային սահմանափակումների տակ չհայտնվեն։