Ըստ «Առաջինի լրատվական ալիքի»՝ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանը հայտնել է, որ Հայաստանի հինգ խոշոր ռազմավարական նշանակության ջրամբարներում՝ Ախուրյանում, Արփի լճում, Ապարանում, Ազատում, Մարմարիկում, անցած տարվա նույն օրերի համեմատությամբ մոտ 5 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր է ամբարված:
Նա հավելել է, որ ապրիլի 19-ի դրությամբ հինգ խոշոր ջրամբարների գումարային ջրառը 2021-ի համեմատ դեռեւս 48,1 միլիոնով ցածր է: Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա ապրիլին ջերմաստիճանն ավելի ցածր է, քան անցյալ տարի, եւ ձնհալքի ինտենսիվությունն այս տարի ցածր է, եւ լեռնային շրջաններում դեռեւս ունենում ենք բացասական ջերմաստիճաններ, ու ինտենսիվ ձնհալք չի լինում:
Ազիզյանը բացատրել է, որ պետք է տեղումներ լինեն, ջերմաստիճանը չնվազի, որպեսզի ձնհալքի հետեւանքով առաջացած ջուրը լցվի ջրամբար, հակառակ դեպքում ձնհալքն աստիճանաբար է լինում, իսկ ջուրը ներծծվում է հողի մեջ՝ մակերեւութային հոսք չառաջացնելով:
Հիդրոօդերեւութաբանները հավելել են, որ 2011-ից սկսած՝ Հայաստանում իրար հաջորդում են ավելի ու ավելի ջրասակավ տարիներ: Եվ առհասարակ, Հայաստանում ջրամբարների թերլցվածության խնդիրը վերջին տասնամյակում արդիական է:
Կանխատեսումներն ու իրական պատկերը
Հիդրոօդերեւութաբանության կենտրոնը մարտի երրորդ տասնօրյակին հրապարակել է գետերի գարնանային վարարումների կանխատեսումները, ըստ որոնց` Ազատի եւ Մարմարիկի ջրամբարներում կանխատեսվել էր 100%, Ախուրյանում՝ 70-75%, Ապարանում՝ 65-70%, Արփի լճում ՝ 75-80% ջրալցվածություն:
Ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի՝ այս պահին հանրապետությունում թափվել է նորմայի 30-50%-ը, առաջիկա օրերին էլ լուրջ տեղումներ չեն կախատեսվում:
Միեւնույն ժամանակ Սուրենյանը հուսադրել է, որ ապրիլի երրորդ տասնօրյակում՝ 23-24-ից հետո, նախնական գնահատմամբ՝ Միջերկրական ծովից ցիկլոնների ներթափանցում է սպասվում, ինչի հետեւանքով հանրապետությունում պարբերաբար տեղումներ կլինեն, որը կարող է գետերում ջրերի ելքերի քանակն ավելացնել: Նա հավելել է, որ առաջիկա 10-15 օրերի ընթացքում ցուրտ ներխուժում չենք ունենալու, բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: