Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հեռանկարի մասին:
Թուրքիայի նախագահն իր առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ ռամադանյան ընթրիքի՝ իֆթարի ժամանակ ասել է, թե «Ադրբեջանի հողերի ազատագրմամբ կարեւոր հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»։
Էրդողանը հայտարարել է, թե այդ առիթը չկորցնելու համար «անկեղծորեն շարունակում ենք մեր հարեւան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»:
Թուրքիայի նախագահը հայտնել է նաեւ, որ Թուրքիան շարունակում է իր ռազմավարական նպատակը համարել Եվրամիությանն անդամակցելը եւ կառույցից հստակ քայլեր է ակնկալում ԵՄ լիիրավ անդամակցության համար:
Նա շեշտել է, թե Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարեւորությունը ՆԱՏՕ-ում։ «Պատերազմի բացասական գլոբալ հետեւանքները ցույց տվեցին Թուրքիայի ռազմավարական նշանակությունը նաեւ Եվրամիության համար, հատկապես անվտանգության եւ էներգետիկայի ոլորտներում։ Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն կձեռնարկի հստակ եւ նշանակալի քայլեր՝ հիմնված մեր լիիրավ անդամակցության հեռանկարի վրա»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքիան 1964-ից ԵՄ ասոցացված անդամ է: ԵՄ-ին անդամակցելու հայտը ներկայացրել է 1987-ին։ Անդամակցության շուրջ բանակցային գործընթացը սկսվել է 2005-ին, սակայն 2017-ի հուլիսի 6-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով ԵՄ անդամներին եւ Եվրահանձնաժողովին կոչ է արել դադարեցնելու բանակցությունները: Վերջին չորս տարում Բրյուսելը եւ ԵՄ անդամ երկրները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի գործողությունները վերջինիս հեռացնում են եվրոպական հանրույթից: