Հայսատանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ շփումներն ակտիվացնելու եւ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով քննարկվում է նույնականացման քարտերով սահմանների հատման հնարավորությունը: Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետի մամլո ծառայությունից:
Հայտնի է, որ փետրվարի 8-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խոսել են առեւտրատնտեսական համագործակցության, ինչպես նաեւ հարեւան երկու երկրների հարաբերությունների ամրապնդման մասին:
Անդրադարձ է կատարվել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին եւ դրանից բխող հնարավորություններին: Երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության բարելավման համատեքստում քննարկվել է Բավրայի եւ Գոգավանի անցակետերից դեպի Վրաստանի խորք գնացող ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքը:
Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը, դրա ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ նախատեսվող քայլերը: