Իրաքյան «Sadr» շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի նոր ներխուժմանը Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարներ են: Թուրքական զինուժի «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունն ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ եւ Ավաշին-Բասյան շրջանները:
Սոցիալական ցանցում արած գրառմամբ Մուքթադա Աս Սադրը դատապարտել է Թուրքիայի հարձակումները՝ դրանք Իրաքի ինքնիշխանության խախտում որակելով:
Շարժման առաջնորդը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն լռելու ու համակերպվելու։ Նա ասել է, որ արդեն Թուրքիային հրավիրել են բանակցելու եւ հայտնել, որ պատրաստ են նպաստելու խնդիրների լուծմանը երկխոսության եւ ժողովրդավարական մեթոդներով։