Հնդկական India Today հեռւստաալիքին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսում է Ուկրաինայում հատուկ գործողության հաջորդ փուլը: Պատասխանելով Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին հարցին` Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության այս փուլում դիտարկում է միայն սովորական սպառազինությունների կիրառման տարբերակը։
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը հատուկ հանձնաժողով է ստեղծել Բուչայի իրադարձությունները հետաքննելու համար։ Նա հավելել է, որ հանձնաժողովում ներգրավվել են այն նույն մասնագետները, որոնք հետաքննել են Սիրիայում «Սպիտակ սաղավարտների» հանցագործությունները։
Լավրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, արեւմտյան այլ երկրներ նոր լուրեր են թողարկում, երբ նրանց թվում է՝ այդ պատմությունները գաղափարապես օգտակար կլինեն իրենց։
«Մինչդեռ երբ նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք կասկածի տակ են դնում այդ պատմությունները, նրանք կորցնում են հետաքրքրությունը»,– շեշտել է Լավրովը: