Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր ընդդիմախոսը՝ Մուհարեմ Ինջեն, որը վերջին նախագահական ընտրություններում Ժողովրդական-հանրապետական կուսակցությունը որակելով որպես ամերիկամետ կառույց՝ լքել էր այն, օրերս հայտարարել է կուսակցությունների նոր՝ «Հայրենիք» դաշինքի ստեղծման մասին:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Մուհարեմ Ինջեն նշել է, որ Թուրքիայի ներկայիս ընդդիմությունը չի կարող մարտահրավեր նետել Էրդողանի կառավարությանը, քանի որ այս տարիներին սերտաճել է իշխանության հետ:
«Նրանք [իշխանություն ու ընդդիմությունը] ժողովրդին ձմերուկի պես կիսել են»: Ինջեն ասել է, որ չի կարող շարունակել ճանապարհը նրանց հետ, ովքեր ժողովրդավարություն են մուրում Ամերիկայից, ովքեր ասում են՝ «Թուրքիան Լիբիայում ի՞նչ է կորցրել» կամ՝ «Թուրքիան Ադրբեջանին չպիտի օգներ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հին ընդդիմախոսը Ժողովրդական-հանրապետական կուսակցությանը մեղադրել է Աթաթուրքի գաղափարախոսությունից հեռանալու համար:
Նա հավելել է, որ նոր դաշինքը չի լինելու մեկ մարդու դաշինք: «Մենք նոր ճանապարհ ենք ելնում: Ես հանրապետական եմ՝ Աթաթուրքի հետեւորդը, որի ժառանգությունը վերանում է: Մենք գալու ենք իշխանության, թող ոչ ոք չկասկածի»,- շեշտել է Ինջեն: