Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդունված երկկողմ հայտարարությամբ՝ կողմերը պայմանավորվել են 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման եւ անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ կողմերի հարցումով ՌԴ խորհրդատվական աջակցությամբ:
Հայտարարությունում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ ընդհանուր առմամբ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով: Նշել են բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման եւ բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի եւ մասնակցության կարեւորությունը: