ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոսկովյան հանդիպմանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Ըստ 30 կետից բաղկացած համատեղ հայտարարության՝ Փաշինյանն ու Պուտինն արտահայտվել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքը շարունակելու եւ երեք առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները հետեւողականորեն իրականացնելու օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման:
Նրանք շեշտել են ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծել են հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հարցի կարգավորման պահանջվածությունը:
Այդ համատեքստում հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։
Փաշինյանն ու Պուտինն ընդգծել են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարեւորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:
Հայտարարությունում նշված է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցելու Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, դրանց թվում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում: