Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հատուկ ուշադրությամբ է հետեւում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Աշխարհում քաղաքական իրադրության եւ ի հայտ եկած անկայունության օջախների մասին խոսելով՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանին:
«Առանձնահատուկ ուշադրությամբ եմ հետեւում Հարավային Կովկասում իրադրության ընթացքին, որտեղ տեւական հակամարտություններից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»,- ասել է Վատիկանի քահանայապետը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ 2021 թվականին վերջ կդրվի հակամարտությանը Սիրիայում, ուղիղ երկխոսություն կհաստատվի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ, Լիբանանում կվերականգնվի կայունությունը, Լիբիայում՝ խաղաղությունը: