Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից Վրաստանը հայտարարեց իր «չեզոքության» մասին՝ նշելով, որ չի միանալու հակառուսական պատժամիջոցներին եւ, միաժամանակ, թույլ չի տա, որ Ռուսաստանն իր միջոցով շրջանցի պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Ուկրաինան մարտի սկզբին հետ կանչեց Վրաստանում իր դեսպանին եւ սկսեց բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով եւ հրապարակային մեղադրանքներով ազդել Վրաստանի դիրքորոշման փոփոխության վրա։
Վրաստանը, հակառակ բոլոր մեղադրանքներին ու շահարկումներին, հայտարարեց, որ երկիրը չի դիմանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու տնտեսական հետեւանքներին, չի կարող դե ֆակտո քայքայել իր տնտեսությունն ու հարվածի տակ դնել գյուղատնտեսներին, որոնց հիմնական արտահանման շուկան Ռուսաստանն է։
Այս ամենն ավելի դրամատիկ է դառնում, եթե հաշվի առնենք, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքական չափազանց մեղմ դիրքորոշումը ուղղակի հակասության մեջ է վրացական ընդդիմության ռազմատենչ հայտարարությունների հետ։ Ավելին՝ շատերի կարծիքով այդ դիվանագիտական «չեզոքության» ուղղությունը վրաց հասարակության մի մասի դժգոհության առիթ տվեց եւ ավելի սրեց իշխանություն-հասարակություն առանց այդ էլ փխրուն հարաբերությունները։
Թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի համեմատ Վրաստանն ամենացավոտը ընդունեց Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։ Բայց, հաշվի առնելով վրաց-ռուսական առանց այն էլ լարված հարաբերությունները, վրաց-ռուսական աղետալի պատերազմի հետեւանքները եւ այն, որ դե ֆակտո Վրաստանը միայնակ մնաց 2008-ի ռուսական ներխուժման դեմ, Կիեւն այս իրավիճակում դեռ ավելին էր սպասում Վրաստանից։ Սակայն Վրաստանն այս առումով թեեւ ուշ, բայց դասեր քաղեց սեփական անցյալից եւ չեզոքություն հայտարարելով՝ խուսափեց երկրորդ անգամ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունում մանրադրամ դառնալուց։
Մյուս կողմից՝ Ուկրաինայի հետ համերաշխության եւ աջակցության օրակարգը ուժեղ է վրաց հասարակության շրջանում։ Վրաստանից կանոնավոր մարդասիրական օգնություն է ուղարկվում Ուկրաինա, երկիրն ընդունում է ուկրաինացի փախստականներին, եւ, ավելին, Վրաստանը դարձավ նաեւ Հաագայի միջազգային քրեական դատարանում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետաքննության նախաձեռնողներից մեկը։
Բայց դրա հետ մեկտեղ Վրաստանի կառավարությունը զգուշավոր է եւ բացահայտ չի հակադրվում Ռուսաստանին։ Հրաժարվում է հակառուսական պատժամիջոցներին միանալուց, չի փակում իր սահմաններն ու տնտեսությունը Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների համար։
Պատժամիջոցային դիվանագիտություն
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս հայտարարել է, որ Վրաստանը չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա կարող է վտանգի ենթարկել երկիրն ու տնտեսական կայունությունը։ Ուկրաինական պատերազմի սկզբից՝ վրացական չեզոքության ֆոնին, Ռուսաստանը հանկարծ հանեց վրացական կաթնամթերքի նկատմամբ նախկինում կիրառված պատժամիջոցները, թեեւ դրա համար դիմումը ներկայացվել է դեռեւս 2020 թվականին։ Ուկրաինան այդ գործողություններում անմիջապես տեսավ ստվերային գործարք ու Վրաստանին մեղադրեց տնտեսական, դիվանագիտական կոլաբորացիոնիզմի մեջ։ «Համարժե՞ք է արդյոք Վրաստանի 15 կաթնամթերք արտադրող ընկերությունների համար սահմանափակումների վերացումը մեր հազարամյա բարեկամությանը, մեր երկարամյա համատեղ պայքարին, մեր փոխադարձ նկրտումներին»,- վրացի իր գործընկերներին կշտամբել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
Այնուամենայնիվ, մարտի վերջում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ Վրաստանը կմիանա հակառուսական պատժամիջոցներին, այսինքն՝ ոչ թե սեփական պատժամիջոցներ կհայտարարի, այլ կաջակցի միջազգային սահմանափակումներին։ Ըստ էության՝ սիմվոլիկ իշխանություն ունեցող նախագահի հայտարարությունը բալանսավորում է վրացական կառավարության դիրքորոշումը՝ նպատակ ունենալով փրկելու Վրաստանի հակառուսական իմիջը Արեւմուտքի աչքում։
«Վրացական երազանքը» «խաղաղության» փնտրտուքում
Թեեւ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հիմնադրման օրից մեղադրել են ռուսամետության մեջ, իսկ Վրաստանի համար մեկ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի վրա դաջել ռուսական դրածոյի պիտակը, սակայն այս պարագայում վրացական չեզոքությունն ու «ռուսամետությունն» առավել քան արդարացված ու կշռադատված են։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս հայտարարել է. «Մենք խաղաղություն, կայունություն եւ զարգացում ենք ուզում, ցանկացած հայրենասեր կառավարիչ պետք է ամեն ինչ անի պատերազմից խուսափելու համար»։ Հատկապես որ երկրի գլխավոր ընդդիմադիր ու վրացական բանտում գտնվող նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնական քաղաքական «մեղքը» մինչեւ հիմա համարվում է ռուս-վրացական պատերազմը։
Մտավախությունը, որ Ռուսաստանը կարող է կրկին հարձակվել Վրաստանի վրա, վրացական հասարակության մի մասին հետապնդում է ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրվանից: Բայց նույնիսկ դա չի արդարացնում իշխանության «չեզոքության» քաղաքականությունը նրանց աչքում։
Մինչ այդ շարունակվում է վրաց-ուկրաինական դիվանագիտական փոխհրաձգությունը։ Ապրիլի սկզբից ուկրաինական կողմը ԱԳ նախարարի եւ Ռադայի նախագահի մակարդակով սկսեց մեղադրել Վրաստանին պատժամիջոցների շրջանցման եւ մաքսանենգության համար։ Դրան հակառակ՝ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը Ուկրաինայի համար երկրորդ ճակատ չի բացի Ռուսաստանի դեմ, եւ որ Ուկրաինայի մեղադրանքներն անհմին են ու նպատակ ունեն Վրաստանին ներքաշելու ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։ «Ես չեմ ցանկանում, որ Թբիլիսիի կենտրոնում ռուսական տանկեր տեսնենք»,- հայտարարել էր Ղարիբաշվիլին։
Այնուամենայնիվ, վրաց-ուկրաինական հարաբերություններում շարունակվում է դիվանագիտական սկանդալների եւ հաշտությունների հերթափոխը։ Վերջին կոնֆլիկտային իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նախագահ Պապուաշվիլիի՝ Ուկրաինա այցից հրաժարվելն էր, ուր նրան հրավիրել էր Ռուսլան Ստեֆանչուկը։ Սակայն ապրիլի 16-ին Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Պապուաշվիլիի գլխավորությամբ, այնուամենայնիվ, մեկնեց Կիեւ։ Երկու երկրների խորհրդարանականների հանդիպմանը, մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը Ռուսաստանի համար «սեւ խոռոչ» չի դառնա միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։