Netflix հոսքային մեդիաընկերության բաժնետոմսերի գինը մի քանի ժամում նվազել է 25,7 տոկոսով, իսկ շուկայական բացարձակ արժեքը՝ 30 միլիարդ ամերիկյան դոլարով։ Ըստ ընկերության գործունեությանը վերաբերող միջանկյալ զեկույցի՝ Netflix-ի բաժանորդների թիվը 2012-ից ի վեր առաջին անգամ կրճատվել է։
Ընկերության հրապարակած տվյալներով՝ աշխարհում Netflix-ի բաժանորդների ընդհանուր թիվը, ներառյալ նորեկները, առաջին եռամսյակում կազմել է 221,64 միլիոն: Այսինքն՝ միայն այս տարվա առաջին եռամսյակում Netflix-ը 200 հազար բաժանորդ է կորցրել, հակառակ նախորդ տարեվերջին հրապարակված լավատեսական կանխատեսումներին, ըստ որոնց՝ Netflix-ի բաժանորդների թիվը հաշվետու ժամանակահատվածում պետք է աճեր 2,5 միլիոնով։
Netflix-ի բաժանորդների թվի կտրուկ անկմանը նպաստել է նաեւ Ռուսաստանում գործունեության դադարեցումը։ Դրա հետեւանքով ընկերությունը Ռուսաստանի տարածքում շուրջ 700 հազար բաժանորդ է կորցրել։