Մամուլում պարարտանյութի արտառոց՝ եռակի թանկացման թեման այնքան արդիական է, որ ստվերել է ոլորտի մյուս թանկացումները։
Գարնան շեմին հողագործները մտահոգ հաշվարկ են անում, թե այսքան թանկացումներից հետո բերքի ինքնարժեքը որքան է լինելու։ Կարեւոր է նաեւ, թե ինչ գնով են իրացնելու, որ չարչարանքից բացի գումար մնա՝ ապրելու։ Պետությունն առայժմ հայտարարել է աջակցման մեկ՝ պարարտանյութի սուբսիդավորման կարգի մասին։
Աջակցման ծավալի եւ արդյունավետության շուրջ զրուցել ենք Մասիս համայնքի Դարակերտի գյուղապետի եւ բնակիչների հետ։
28-ամյա նորընտիր գյուղապետ Դանիել Պետրոսյանը կարծում է, որ ավելի շատ մարդիկ կգրանցվեին, եթե ժամկետային սահմանափակում չլիներ: «Օրենքը մեզ թույլ է տվել գրանցման 7-օրյա ժամկետ, բայց քանի որ համայնքը նոր է ձեւավորվել, շատերը տեղյակ չէին կամ չհասցրին։ Ունենք 75 շահառու, 18 տոննա՝ 360 պարկ պարարտանյութի համար։ Մինչեւ հիմա, ապրիլի կեսերն է, ոչ մի տեղեկություն չկա մատակարարից։ Տարբեր երկրների արտադրանք կա շուկայում՝ ուզբեկական, պարսկական, վրացական։ Բնակիչները նախապատվությունը տալիս են ռուսականին. որակով է, բայց մի քիչ թանկ։ Շահառուներին պարզ ասում ենք, որ մեկ պարկի գինը, կախված արտադրող երկրից, կարող է տարբեր լինել, պետք չէ ասել, թե Գյումրիում ինչի է ավելի էժան։ Ավելի կազմակերպված կարող էր լինել, բայց սա է»։
Գյուղապետարանից դուրս եկող տիկին Էմման ու Նունուշը չցանկացան լուսանկարվել, սակայն համաձայնեցին խոսել։
«Գյուղապետարան էինք եկել, գրանցվեցինք, 1000 քառակուսի մետր հողին՝ մեկ պարկ պարարտանյութ, պետությունը հոգալու է 9000 դրամը, չգիտենք՝ գինը ինչքան կլինի։ Շուկայում տարբեր գներ կան՝ 16 հազար էլ կա, 24 հազար էլ, նայած ինչ պարարտանյութ է, ազոտական է, կալիումական է, ինչ երկրի։ Ասին՝ ռուսական է լինելու։ 6000 մետր հող ունենք, 6 պարկ գրվեցի՝ կեսը ազոտական, կեսը կարբոմիտ։ Չէ՛, անցած տարիների պես էս գլխից փող չենք տալիս, երբ գա, կտանք»,- ասում է տիկին Էմման։
Իրականում, իր ասելով, մի այդքան պարարտանյութ էլ պետք է աշնան համար, ամեն տարի էլ գնել են, ուղղակի այս տարի շատ է թանկացել։
Տիկին Նունուշը դժգոհ ու համարյա ձեռնունայն էր դուրս եկել գյուղապետարանից․ «Տնամերձի համար չգրանցեցին, քանի որ մեր կողմերում տնամերձները 800 մետր են, տնամերձի վրա ջերմոց ունենք, դրա համար էլ պիտի շուկայից թանկուկրակ պարարտանյւոթ առնենք, ճար չունենք։ Գյուղում բոլորն էլ գիտեն, հեկտարներով բաց հող ենք մշակում, բայց մեր անունով վարելահողը 1700 մետր է, ընդամենը մեկ պարկ հասավ, դրանով հոգս չես հոգա։ Մեծ տեգորս 3000 մետր հողն ենք մշակում, իրենք Հոլանդիայում են ապրում. մեզ չհասավ, քանի որ սեփականության թղթով են գրանցում։ Դրանով էլ հարց չի լուծվի, միայն պարարտանյութը չէ, վար, ցանք, ժուկի [բզեզի] դեղ, խոտի դեղ, հողի հարկ, ջրի վարձ, տակը բան չի մնում: Ջերմոցների համար թելը, ցելոֆանն էլ են թանկացել, ուղղակի գոնե բերքը լավ ծախվի»։
Գյուղացի կանայք Գագիկ Սուրենյանից ոչ պակաս տեղյակ են նաեւ եղանակի տեսությունից, անսովոր ցրտերի մասին ասում են՝ «սենց բան շատ ա եղել, մի տարի ապրիլի 24-ին ձյուն եկավ, նախանցյալ տարի մեր կարտոֆիլը մարտի 31-ին ցուրտը տարավ»։
Ամեն դեպքում, եղանակային պայմանների բերումով գյուղատնտեսական տարվա հետ ընկնելու հետեւանքները առաջիկայում զգալու են ե՛ւ հողագործը, ե՛ւ սպառողը։
Գայանե Մկրտչյան