Ինչպես շատ ազգերի, այնպես էլ հայերի համար սուրճը դադարել է սոսկ ըմպելիք լինելուց, այն դարձել է ապրելակերպ, ինչ-որ առումով նաեւ արարողակարգ: Մի բաժակ սուրճի շուրջ միշտ հետաքրքիր պատմություններ ու զրույցներ են ծավալվում։ Սուրճի մշակույթի հետագիծն իր արտահայտությունը գտել է ոչ միայն կենցաղում, այլեւ մշակույթի տարբեր ճյուղերում:
Թումանյանի թանգարանում երկու ամիս՝ ապրիլի 20-ից մինչեւ հունիսի 15-ը, «Սուրճ, սեր, թանգարան» ցուցահանդեսի շրջանակում կխոսեն սուրճից, կներկայացնեն սուրճի դերը հայերի կենցաղում, ազգագրության մեջ, նաեւ ըմպելիքի մասին հայ մեծերի պատմությունները: 32 թանգարան եւ մասնավոր հավաքածուներով միացել նախագծին եւ ներկայացրել սուրճի մշակույթի վերաբերյալ 100-ից ավելի ցուցանմուշ: Ցուցահանդեսն ընդգրկում է 18-րդ դարից մինչ 20-րդ դարակեսն ընկած ժամանակահատվածը:
Ինչպես ծնունդ առավ նախագիծը
Ամեն ինչ սկսվեց 2012 թվականին, երբ թանգարանագետ Տաթեւ Սարոյանը Երեւանի պատմության թանգարանի ֆոնդապահոցում հայտնաբերեց տարբեր ժամանակների սրճեփներ, սրճաղացներ:
«Միտք հղացավ բացահայտելու՝ երբ են հայերը սկսել սուրճ օգտագործել: Այցելեցի տարբեր թանգարաններ՝ գրառելու մեր մեծերի սրճախմության պատմությունները, Թումանյանի թանգարանում պարզեցի, որ գրողն ուներ սուրճի հետաքրքիր արարողակարգ: Այդպես փոքրիկ հետազոտությունը վերաճեց մեծ նախագծի»,- պատմում է Տաթեւ Սարոյանը:
Թանգարանագետը նախագիծը կյանքի կոչելու համար ուսումնասիրել է նաեւ աշխարհի տարբեր գիտական կազմակերպությունների արխիվները:
Ցուցահանդեսը ներկայացնում է հայերի դերն աշխարհի տարբեր երկրներում սուրճի տարածման գործում, արեւմտահայերի եւ արեւելահայերի կենցաղում, ազգագրության մեջ սուրճի կիրառման պատմությունը: Փաստերը հետաքրքիր տեղեկություններ են փոխանցում Մուշի, Վանի, Զմյուռնիայի, Կոստանդնուպոլսի, Եվդոկիայի, Մալաթիայի եւ այլ վայրերի կենցաղի մասին։ Ուշագրավ է նաեւ, որ 18-րդ դարի վերջում եւ 19-րդ դարի սկզբին Կուտինայում 22 հայ վարպետներ իրենց ընտանիքներով պատրաստել են միայն սուրճի բաժակներ։ Հայաստանյան թանգարաններում պահվում են մի քանի նմուշներ։
Եվրոպական ամենահին սրճարանը
«Ըստ պատմական աղբյուրների՝ 17-րդ դարում հայ վաճառականները, ծանոթ լինելով այս մշակույթին, կարողացել են սուրճն արտահանել եվրոպական մի շարք քաղաքներ՝ Եվրոպայում բացելով առաջին սուրճի տները»,- պատմում է Տաթեւ Սարոյանը:
Վիեննայում, օրինակ, առաջին սուրճի տունը բացվել է շնորհիվ հայ թարգմանիչ, լրտես Հովհաննես Աստվածատուրյանի (Դիոդատի): Ծառայելով Լեոպոլդ թագավորի զորքերում՝ նա բացահայտում է, որ Օսմանյան Թուրքիան պատրաստվում է մեծ հարձակման, եւ հավաքած տեղեկությունները հայտնում է թագավորին: Այդպես կանխվում է Վիեննայի պաշարումը: Այս քայլի համար Լեոպոլդ թագավորը Հովհաննեսի խնդրանքով տրամադրում է թուրքական սուրճով բեռնված նավերն ու փոքրիկ տարածք, որտեղ Հովհաննես Աստվածատուրյանը կարողանում է բացել եվրոպական ամենահին սուրճի տներից մեկը: 1970-ականներից Վիեննայի առաջին սրճարանը վերանվանվում է սեփականատիրոջ՝ Դանիել Մոսերի անունով: Պատմությունը վկայող հուշատախտակ էլ կա:
Ցուցադրված արխիվային նյութերն ու լուսանկարները պատմում են 19-րդ դարի վերջից Արեւելյան Հայաստանում սրճարանային քաղաքներ համարվող Երեւանում եւ Ալեքսանդրապոլում հիմնված սրճարանների մասին՝ սկսած 17-րդ դարից մինչեւ 1960-ականներ:
«20-րդ դարասկզբում մեր մտավորականները՝ Չարենցը, Մահարին, Բակունցը եւ ուրիշներ, հավաքվում էին «Տուրիստ» սրճարանում, որ այժմյան Վարդանանց փողոցում էր՝ նկուղային հարկում: Հետագայում բացվում է «Ինտուրիստ» սրճարանը, մշտական հաճախորդներից էին Չարենցն ու Քոչարը: Մտավորականների հավաքատեղին էր, ինչպես իրենք էին ասում, «անազատ Երեւանի՝ ազատ տարածությունը»:
Սուրճը մեծերի կյանքում
Ուշագրավ են Մարտիրոս Սարյանի, Արշիլ Գորկու, Երվանդ Քոչարի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի սուրճի մասին պատմությունները:
Կոմիտասն, օրինակ, ինքն էր սիրում հյուրերի համար սուրճ պատրաստել եւ հաճույքով հյուրասիրում էր: Մայր Աթոռի թանգարանում պահպանվել է նրա անվանատառերով սուրճի բաժակը:
«Կոմիտասի պատվին հատուկ ճաշկերույթ էր մատուցվել, որ մեծ պաստառով ներկայացրել ենք, նրա անվանատառերով է մենյուն կազմվել, եւ վերջին «Ս» տառը սուրճն է»,- պատմում է Անի Եղիազարյանը։
Թումանյանը մեծ էսթետ էր եւ առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում իր սպասքին։ 1915 թվականին՝ Ցեղասպանության օրերին, երբ նա Էջմիածնում էր եւ որբերի խնամքով էր զբաղված, ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես շատ հյուծված էր։ Թումանյանի աղջիկը՝ Նվարդը, պատմել է, որ հայրիկի գրեթե միակ սնունդ-ըմպելիքն այդ օրերին սուրճն է եղել, որին միշտ կոնյակ է ավելացրել։ Սա եղել է ե՛ւ որպես էներգիայի աղբյուր, ե՛ւ որպես հակաբորբոքային հատկություն ունեցող, պաշտպանիչ միջոց:
«Կյանքի վերջին տարիներին բժիշկները Թումանյանին չէին թողնում շատ սուրճ օգտագործեր, բայց երբ ընկերները գալիս էին, մեծ սրճեփ ուներ, նաեւ ածուխի վառարան, որը շատ սիրում էր, եւ հենց դրա վրա նա սուրճ էր պատրաստում: Մի քիչ էլ իրեն էր լցնում: Երբ կինը դժգոհում էր, Թումանյանն ասում էր՝ «Ոչինչ, Շախի խաթեր կարելի է», այսինքն՝ նա արեւելյան կենցաղավարության միջավայր միշտ ստեղծում էր»,- պատմում է թանգարանի տնօրենը:
Հայ կերպարվեստն ուսումնասիրելիս պարզվել է, օրինակ, որ հսկայական ժառանգություն կա. Մինասը, Սուրենյանցը, Բաշինջաղյանը, Քոչարն ունեն շարքեր, որոնք արտացոլում են սուրճի կամ սրճարանային մշակույթը, նաեւ կան ստեղծագործություններ, որ ծնվել են սրճարանում։ «Սրճարանը ժամանակին եղել է հարթակ, որտեղ ստեղծվել է արվեստ, եւ մեծերի զրույցներն արտացոլվել են իրենց ստեղծագործական կյանքում»,- ասում է թանգարանի տնօրենը:
Սրճարանները Խորհրդային Հայաստանում
Խորհրդային տարիներին Երեւանում մեծ քաղաքի ավանդույթները սկսեցին ձեւավորվել արդեն 1960-ականների սկզբին, երբ ամենուրեք սրճարաններ էին բացվում՝ «Կռունկ», «Արաքս», «Անահիտ», «Արագիլ»: Առանձին տարեգրություն է երեւանյան երիտասարդության դարբնոցը՝ հանրահայտ «Բերմուդյան եռանկյունին»՝ «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» եւ «Կոզիրյոկ» սրճարաններով:
Նախագիծը՝ նոր ձեւաչափ
Նախագիծը մեկնարկել է դեռ նախորդ տարվա հունիսից, եւ սա, ըստ հեղինակների, նոր ձեւաչափ է թանգարանային իրականության մեջ, երբ ցուցադրությունից առաջ լսարանին պատրաստում են ցուցադրության: «Հանդիպումները մեր թանգարանի բացօթյա այգում էին տեղի ունենում, յուրաքանչյուր ուրբաթ երեկո հավաքվում էին տարբեր բնագավառի մարդիկ, քննարկում, զրուցում, թե որքանով է սուրճը, սրճարանը՝ որպես ստեղծագործական միջավայր, մեր ժամանակի արվեստագետներին, նկարիչներին հնարավորություն տվել ստեղծագործելու ու արարելու»,- պատմում է Անի Եղիազարյանը:
Նախագծի հեղինակներն ասում են, որ մենք ունենք սուրճի մշակույթի տարածման գործում բավական կայուն գիծ, բայց հետազոտական բացը շատ մեծ է։ Ազգային մշակույթի այդ գծի ֆունդամենտալ հետազոտման նախագծում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, որոնք երբեւէ առնչվել են նյութին:
Թանգարանի տնօրենն ասում է՝ հայ մշակույթում չկա այնպիսի ճյուղ, որտեղ այս թեմային անդրադարձ եղած չլինի: «Դյուրամարս թվացող նյութը ճիշտ ակցենտավորելն ու դրա խորքում կարեւոր շերտեր բացելը մենեջմենթական փոքրիկ ժեստ է, որը վարակիչ դարձավ: Օրեր առաջ նման մի ծրագիր արդեն Ռուսական արվեստի թանգարանում եղավ, որը ռուսական իրականության մեջ թեյախմության ծեսին էր առնչվում»,- ասում է Անի Եղիազարյանը:
«Սուրճ, սեր, թանգարան» նախագծի շրջանակում կհրատարակվի նաեւ գիտահանրամատչելի երկլեզու պատկերագիրք, որն ամբողջացնում է սուրճի աշխարհում հայկական հետքը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։