Մի խումբ եվրապատգամավորներ Ռուսաստան կատարած այցի կապակցությամբ պահանջել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հրաժարականը:
Նախաձեռնության հեղինակն Էստոնիայից ընտրված պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատ Ռիխո Տերասն է։ Ըստ նրանց՝ Ժոզեպ Բորելի այցը Մոսկվա ստորացուցիչ ու նվաստացուցիչ է Եվրամիության վարկանիշի համար, դրանով նա անտեսել է ընդդիմախոսների դեմ Կրեմլի գործած հանցանքները:
Եվրապատգամավորները տարակուսանք են հայտնում, որ ընդդիմության հանդեպ ռուսական իշխանությունների գործողությունները դատապարտելու եւ Նավալնուն բանտում հանդիպելու փոխարեն Բորելը ստել է, թե ԵՄ-ում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ոչ մի բանավեճ չի եղել:
Բորելին նաեւ մեղադրում են, որ չպաշտպանեց ԵՄ շահերը եւ չհակադարձեց ՌԴ արտգործնախարարի քննադատություններին, նրան թույլ տվեց հարձակվել ԵՄ գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի վրա՝ Կուբայի հանդեպ նոր պատժամիջոցների առիթով, ոչ մի խոսք չասաց Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին, փոխարենը գովերգեց ռուսական «Սպուտնիկ V» պատավաստանյութը՝ այն ժամանակ, երբ Ռուսաստանն արտաքսում էր եվրոպացի երեք դիվանագետներին:
Ժոզեպ Բորելը, կտրուկ քննադատությանն ի պատասխան, ասել է, որ Մոսկվայում ինքը քննարկել է Նավալնու խնդիրը, ավելին, հանդես է եկել կոշտ քննադատությամբ:
«Իմ այցի ընթացքում մամուլի ասուլիսի ագրեսիվ մթնոլորտը եւ ԵՄ երեք դիվանագետների արտաքսումը վկայում են, որ ռուսական իշխանությունները ցանկություն չեն ունեցել օգտագործելու ԵՄ-ի հետ կառոըւցողական երկխոսություն ծավալելու հնարավորությունը»,- իր պաշտոնական գրառման մեջ նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ակնարկել է, որ իր այցի ընթացքում Լավրովի հետ հանդիպումները ցույց են տվել, թե ԵՄ-ն ու Ռուսաստանը տարբեր ուղղություններով են շարժվում: «Ըստ երույթին, Ռուսաստանը քանի գնում՝ Եվրոպային ավելի է հեռացնում իրենից, իսկ ժողովրդավարական արժեքներն ընկալում իբրեւ էքզիստենցիալ սպառնալիք»,- ընդգծել է Բորելը:
ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին արձագանքելով նրա պատասխանին, հայտարարել է, որ «զարմացած է», քանի որ Մոսկվայի մամուլի ասուլիսում նման միտք չէր արտահայտել:
«Ըստ երեւույթին Բրյուսել հասնելուն պես ԵՄ դիվանագիտության ղեկավարին հասկացրել են՝ ինչ շեշտադրումներ պիտի անի, եւ դա ավելորդ անգամ հաստատում է, թե իրականում ինչպես է ձեւավորվում ԵՄ արտաքին քաղաքականությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ չմանրամասնելով՝ հատկապես ում նկատի ունի:
«Մենք այդ հարցերը կքննարկենք ԵՄ արտգործնախարարների հետ: Ինչպես միշտ՝ հետագա քայլերի մասին որոշումը կընդունեն անդամ-երկրները: Եվ, ի դեպ, այդ քայլերում պատժամիջոցներ էլ կան»,- հավելել է բարձրագույն հանձնակատարը:
ԵՄ արտգործնախարաների՝ ՌԴ-ին վերաբերող հաջորդ քննարկումները կլինեն փետրվարի 22-ին եւ մարտի 25-26-ին՝ ԵՄ գագաթաժողովի ժամանակ:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը