Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության՝ «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում Հայաստանը ներկայացվել է թեեւ իբրեւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկող, սակայն ժողովրդավարական պետություն համարվելուց դեռ շատ հեռու երկիր։
Freedom House-ի զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ 2004-ից ի վեր նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն եւ Հայաստանը, վերածվել են հիբրիդային ռեժիմների:
Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը նշել է, որ ավտորիտար կառավարման ձեւից հիբրիդայինի անցնող երկրներն առավել խոստումնալից են, թեպետ լիովին չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:
Հայաստանն, ըստ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, դատաիրավական ոլորտում աննշան առաջընթաց է գրանցել: Զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին հորդորդում են շարունակել բարեփոխումները։
Ըստ Freedom House-ի՝ Հայաստանն առանձնապես նահանջել է մամուլի անկախության ոլորտում։
«Զեկույցում սա նշվում է, որ վիրավորանքի եւ զրպարտության հոդվածի տուգանքների բարձրացումն, ինչպես նաեւ ծանր վիրավորանքի քրեականացումը դիտարկվում է իբրեւ անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլ», — շեշտել է Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչը։
Freedom House-ի տարեկան զեկույցում արձանագրվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության առաջ քաշած մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր կառավարական վերահսկողության ներքո։
Ըստ զեկույցի՝ Հայաստանը հետխորհրդային երկրներից զիջում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ հետեւում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, ինչպես նաեւ Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: ժողովրդավարության ամրապնդման առումով, ըստ Freedom House-ի զեկույցի, լավագույն ցուցանիշն ունի Էստոնիան, վատագույնը՝ Թուրքմենստանը։