ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին։
Նա հայտնել է, որ քաղաքի շրջափակման պահին Ուկրաինայի զինված ուժերի եւ օտարերկրյա վարձկանների թիվը եղել է մոտ 8100։ Ըստ Շոյգուի՝ չեզոքացվել է ավելի քան 4000 զինվորական, հանձնվել է 1400-ը:
Շոյգուն նաեւ հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակվել է ավելի քան 2 հազար զինյալ։ «Ազովստալի օպերացիան ավարտելու համար կպահանջվի 3-4 օր, Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի»,- նշել է նախարարը։
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նպատակահարմար չի համարել Մարիուպոլի արդյունաբերական գոտին գրոհելը: «Հրամայում եմ դադարեցնել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը եւ պահանջել արգելափակել «Ազովստալը»։
Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարին հանձնարարել է Մարիուլպոլի պաշտպաններին կրկին առաջարկել հանձնվել: «Ռուսական կողմը երաշխավորում է նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը՝ միջազգային իրավական ակտերի համապատասխան»,- շեշտել է ՌԴ նախագահը: Պուտինը հրապարակավ խոստացել է, որ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր վիրավորներին բարձրակարգ բուժօգնություն կցուցաբերվի: