Բրիտանական Al-Quds պարբերականը գրում է, որ մասնակի ճանաչված Կոսովայի Հանրապետությունն ու Իսրայելը 12 տարի անց պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։
Առցանց ստորագրված համաձայնագրով՝ Կոսովոն ԱՄՆ-ից ու Գվատեմալայից հետո կդառնա երրորդ պետությունը, որը որոշել է դեսպանատուն բացել ոչ թե Թել Ավիվում, այլ Երուսաղեմում: Հիմնականում մահմեդականներով բնակեցված Կոսովոն կդառնա միջազգային իրավունքի նորմերը խախտած առաջին եվրոպական պետությունը:
Փոխադարձաբար միմյանց անկախությունը ճանաչելու եւ Երուսաղեմում Կոսովոյի դեսպանատուն բացելու մասին որոշումը համարվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին նվերներից մեկը, քանի որ դա համաձայնեցված է եղել նախորդ տարվա սեպտեմբերին Սպիտակ տանն անցակացված գագաթաժողովում:
Իսրայելն այդ ժամանակ հրաժարվել էր ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ նախ Սերբիայի դժգոհությունը չառաջացնելու համար, ինչպես նաեւ ելնելով այն հանգամանքից, թե դա կարող էր առաջ բերել Պաղեստինի միջազգային ճանաչմանը ձգտողների վրդովմունքը:
Սակայն բռնազավթված Երուսաղեմում նոր դեսպանատուն բացելու Իսրայելի ձգտումը, ինչպես նաեւ արաբական մի քանի պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու՝ Բենյամին Նեթանյահուի ջանքերի ակտիվացումը նպաստեցին, որ Վաշինգտոնի միջնորդությամբ այդ որոշումն ավելի արագ ընդունվի: