Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ, եթե միանար Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցներին:
Նա ընդգծել է, որ չպետք է ակնկալել, թե Թուրքիան կմիանա Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներին: Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ստանձնելու Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը, սակայն նախ պետք է հասկանալ՝ ինչ է ենթադրում այդ դերը։
Միեւնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածի կիրառմանն Ուկրաինայում։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Կանադան մերժել են այն։ Չավուշօղլուն բացառել է Ուկրաինա թուրք զինվորականներ ուղարկելու հնարավորությունը։
Ավելի վաղ Չավուշօղլուի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցում կողմերն անդրադարձել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների արդյունքը կախված է Ռուսաստանի օրինական պահանջները հաշվի առնելու՝ Ուկրաինայի պատրաստակամությունից։