ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներկայացրած առաջարկությունների հիման վրա ընդունել է մի շարք որոշումներ։ Ըստ նշված որոշումների՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից վեց ամիս ժամկետով ազատվում են ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար կարեւորագույն նշանակություն ունեցող որոշ ապրանքները։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ նշված որոշումներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունացման եւ պարենային անվտանգության ապահովման արդի խնդիրների հաղթահարմանը, ինչպես նաեւ միջազգային շուկաներում նոր մատակարարների հայտնաբերմանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդունել է ինչպես Խորհրդի, այնպես էլ Կոլեգիայի որոշումներ՝ պայմանավորված նշված ապրանքների առավել զգայուն լինելու հանգամանքով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022-ի մարտի 17-ի N37, ապրիլի 5-ի N46 եւ ապրիլի 12-ի N63 որոշումներով սահմանում են ապրանքների ցանկերը, ինչպես նաեւ մի շարք ապրանքների համար արտոնության տրամադրման պայմանները:
Ընդունված որոշումներն առաջնահերթ ուղղված են բնակչության պարենի ապահովվածությանը եւ գնաճի զսպմանը։ Արտոնություն են ստացել դեղագործության, սննդամթերքի արտադրության, մեքենաշինության, շինարարութան, ոսկերչության, թեթեւ արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության եւ արդյունաբերության մի շարք այլ կարեւոր ճյուղեր։