ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության 2021-ի գործունեության մասին զեկույցի ժամանակ հայտարարել է 44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի նախաքննությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ բազմաթիվ ներկայացուցիչների, սպաների եւ բարձրաստիճան սպաների՝ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու վերաբերյալ բացահայտված փաստերի մասին:
«Ի սկզբանե որդեգրել ենք հետեւյալ երկու ուղղությունները` 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քննության առարկա են դառնում ինչպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրականացրած պատերազմական հանցագործությունները, այնպես էլ այդ նույն պատերազմական գործողությունների ընթացքում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի թույլ տված ենթադրյալ հանցավոր խախտումները»,- ասել է Դավթյանը:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ տարվա ընթացքում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ: Նա հավելել է, որ այդ քրեական գործերով տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, հրապարակվել են համապատասխան դատավճիռներ:
«Մնացած գործերով նախաքննությունը շարունակվում է: Բոլորս նախանձախնդիր ենք առավելագույնս ճշմարտությունը բացահայտելու հարցում»,- եզրափակել է ՀՀ գլխավոր դատախազը: